Կարմիր գինին վերացնում է մսի օգտագործման հետ կապված բացասական հետևանքները: Պարզվում է՝ ընդամենը մեկ գավաթ գինին ընդունակ է կանխելու խոլեստերինի կուտակումները մսային ընթրիքից հետո:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ընթրիքի ժամանակ մսից գոյացած վնասակար միացությունները կուտակվում են արյունատար անոթների մեջ՝ վերածվելով խոլեստերինի: Իսկ ահա գինու մեջ առկա պոլիֆենոլները կանխում են տվյալ միացությունների ներծծումը աղեստամոքսային տրակտում: Այսինքն, արդյունքում այս միացությունները չեն հայտնվում արյան մեջ:
Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր Ռոն Կոենը նշում է. "Երևի հենց դա է պատճառը, որ կարմիր գինին նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման վտանգը":
Այս փաստն ապացուցվել է հետևյալ փորձով. 4 օրվա ընթացքում առողջ մասնակիցներին տվել են հնդկահավից պատրաստված կոտլետներ: Միաժամանակ արգելվել է ուտել ձուկ կամ այլ ճաշատեսակներ: Ավելի ուշ փորձը նորից է կրկնվել, բայց այս անգամ կամավորները խմել են մեկ բաժակ գինի ընթրիքի ժամանակ:
Այսպիսով, առանց գինու ընթրիքից անմիջապես հետո բարձրացել է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, իսկ ահա գինին օգտագործելուց հետո խոլեստերինի ցուցանիշը նունն է մնացել, երբեմն նույնիսկ իջել է: