Դեսերտ, որը կզարմացնի Ձեր հյուրերին եւ կստիպի հետաքրքրվել՝ ինչից եւ ինչպես է այն պատրաստված: Այս շոկոլադե ձվիկները հաճույքով կհամտեսեն ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները. այն համեղ է եւ շատ օգտակար:

Պատրաստման համար անհրաժեշտ է՝

125 գրամ թթվասեր

125 գրամ կաթնաշոռ

50 մլ դեղձի կոմպոտ

1 հատ պահածոյացված դեղձ

շաքարավազ՝ ըստ ճաշակի

կաթնային շոկոլադ

1 փուչիկ

15 գրամ ժելատին

Պատրաստման եղանակը.

Վերցնում եք ոչ շատ մեծ սովորական փուչիկ, փչում եք եւ ամուր կապում, հետո այն կիսով չափ, գդալի կամ պատառաքաղի օգնությամբ, պատում եք նախապես տաքացրած շոկոլադով: Այդ ամենը տեղավորում եք սուրճի կամ միջին չափի այլ բաժակի վրա եւ դնում սառնարանը՝ թողնելով՝ լավ սառի, հետո հանում եք սառնարանից եւ զգուշորեն արդեն սառած շոկոլադը պոկում եք փուչիկի վրայից՝ տեղավորելով բաժակի վրա: Այդ ամենից հետո խառնում եք թթվասերն ու կաթնաշոռը, ժելատինը լուծում եք դեղձի կոմպոտի մեջ եւ ամբողջը խառնում իրար: Արդեն պատրաստի շոկոլադե բաժակի մեջ լցնում եք մանր կտրտած դեղձը, վրան էլ վերոնշյալ պարունակությունը: Վերջում վրան դնում եք դեղձի կտորներ՝ դեղնուցի տպավորություն ստեղծելու համար: Հաճելի համտեսում: