Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Շամիրամի կախովի այգիները, իրականում Բաբելոնում չեն գտնվել: Նման եզրակացության է եկել բրիտանացի պատմաբան Ստեֆանի Դալին:
Օքսֆորդի համալսարանի պատմաբան Ստեֆանի Դալին քսան տարվա աշխատանքից հետո հերքել է միֆն այն մասին, որ այգիները տեղակայվել են Բաբելոնում, գրել է բրիտանական Independent-ը:
Հետազոտողի տվյալներով՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն իրականում կառուցվել է Նինվե քաղաքում, որը գտնվում էր Բաբելոնից 300 մղոն հեռավորության վրա: Դալին պարզել է նաև, որ այգիները կառուցել է ոչ թե բաբելոնցի կառավարիչ Նաբուքոդոնոսորը, այլ ասորի Սինախերիբը․ ծառերի առաջին պատկերը գտնվում է Նինվեում՝ Սինախերիբի պալատի խորաքանդակի վրա:
Ստեֆանի Դալիի խոսքով՝ մ.թ.ա. 689թ. Ասորեստանը նվաճել է Բաբելոնը, որից հետո ասորական մայրաքաղաք Նինվեն սկսել է կոչվել «Նոր Բաբելոն»: Իսկ ահա Շամիրամի կախովի այգիների մասին, որոնք ստեղծվել էին Նինվեում, ժամանակի ընթացքում սկսել են խոսել, որ դրանք գտնվել են ոչ թե Նոր, այլ պարզապես Բաբելոնում:
Ավելին՝ ուսումնասիրելով Բաբելոնի և Նինվեի շրջակայքը՝ բրիտանուհին եկել է այն եզրահանգման, որ Բաբելոնի մերձակա տարածքներն այնքան հարթ են, որ այգիների՝ այդ վայրում գտնվելու դեպքում շատ դժվար կլիներ այնտեղ անհրաժեշտ քանակությամբ ջուր մատակարարել: