Զառա Սահակյանն այսօր' ապրիլի 30-ին, նշում է իր 26-ամյակը: “32 ատամ” եւ “Yere1” հեռուստանախագծերի դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ իր ծննդյան տարեդարձը սիրում է նշել միայն մտերիմ մարդկանց հետ:

Հոբելյարին առաջինը շնորհավորել են ամուսինը' Դավիթ Հարությունյանը, եւ 2-ամյա տղան' Նոյը.“Օրս այնքան լի է շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով, որ չեմ տխրում մեկ տարի էլ մեծանալու համար: Կարեւորը' ներքուստ միշտ երիտասարդ մնաս, իսկ տարիների հետ իմաստնանում ես քո ապրած փորձի, սխալների, գնահատած պահերի շնորհիվ:”:

Զառան նշել է, որ իր ծննդյան տորթի մոմերը փչելու է որդին, որը 2 տարեկան դառնալուց հետո իրեն անընդհատ խնդրում է այդ մասին.“Ամեն օր “ծնունդ” է անում, 2 թվի տեսքով մոմը պահել եմ, հենց ուզում է, փչում է:): Նոյի ծննդյան օրը հիմա ինձ համար ավելի կարեւոր է, անգամ իմ ծնունդին իր համար եմ նվերներ գնում, իսկ ինձ համար նվերի գինը, չափը եւ ձեւն էական չեն”:

Դերասանուհին պատմել է, որ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը' այլեւս չի ցանկանում մեծ խնջույք կազմակերպել.“Ոչ թե իմ տոնն է լինում, այլ' տառապանքի օր, որովհետեւ մտերիմ մարդկանց ճանաչելով' գիտես' ինչպես կազմակերպել, որ բոլորը հաճույք ստանան, իսկ մեծ խնջույքի դեպքում սկսում եմ հյուրերի հետ “հալվել” ու չարչարվել”:

Մի քանի տարի առաջ Զառայի ծննդյան օրը համընկել է Միացյալ Նահանգներում “32 ատամ”-ի հյուրախաղերի հետ.“Արսեն Գրիգորյանի հետ գնացինք խմելու, հարբեցինք եւ փորձից մի քիչ ուշացանք: Այն ժամանակ դեռ նախկին կազմով էինք, մինչեւ ներկայացում խաղալն ամեն օր փորձերի մեջ էինք”,-հիշել է դերասանուհին' ավելացնելով, որ մանկության տարիներին իր ծննդյան օրերն անցել են Ջերմուկում եւ լավ հիշողություններ ունի.“Ցուրտ տարիներ էին, լույս չկար, բայց նշում էինք: Հատկապես, երբ մոմ էինք վառում, ավելի հետաքրքիր էր դառնում…”:

BRAVO.am-ը շնորհավորում է Զառ Սահակյանին' մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ: