«Անծանոթը» հեռուստասերիալը միջազգային ձևաչափ է' հիմնված «Կոմս Մոնտե Քրիստո» վեպի մոտիվների վրա: Այդ ֆորմատով հեռուստասերիալներ են նկարահանվել մի շարք երկրներում: Այն մեծ հեղինակություն և վարկանիշ ունի ամբողջ աշխարհում:
Արդեն երկար ժամանակ է, ինչ հեռուստասերիալը հայկական եթերում է:
Լուրեր.com-ը զրուցակիցն է «Անծանոթը» հեռուստասերիալում Անիի՝ քավորի աղջկա կերպարը մարմնավորող Տաթևիկ Գրիգորյանը:
- Ինչպե՞ս որոշեցիք դերասանուհի դառնալ:
- Անկեղծ ասած, իմ ծրագրերի մեջ դերասանուհի դառնալը չի մտել: Նման հարց մեր ընտանիքում նույնիսկ չի քննարկվել, բայց ես փոքր տարիքից հաճախել եմ երգի, պարի, նույնիսկ մասնակցել եմ «Պոդիում արտ» ստուդիայի դասընթացներին, քանի որ իմ ընտանիքում ընդունված է բազմակողմանի զարգացած լինելը: Երբ արդեն շրջանավարտ էի, հանկարծ հասկացա, որ իմ բոլոր երազանքները կապված են բեմի հետ: Կայացրի դերասանուհի դառնալու որոշումս: Ծնողներս զարմացան, բայց հարգեցին իմ որոշումը: Այդ օրվանից ամեն ինչ սկսվեց:
- Արդյոք կարևորո՞ւմ եք դերասանական կրթությունը լավ դերասան լինելու համար:
-Ոչ միայն կարևորում եմ, այլև պարտադիր եմ համարում, ինչպես յուրաքանչյուր մասնագիտության համար: Չնայած չեմ բացառում, որ բնատուր տաղանդով օժտված մարդն առանց կրթության էլ կարող է հրաշալի դերասան լինել:
- Գիտեմ, որ սերիալում գլխավոր կերպարով նկարահանվելու Ձեր առաջին փորձն է: Ինչպե՞ս ստացաք նկարահանվելու հրավեր:
-Երբ դեռ չէր սկսվել «Անծանոթը» սերիալը, ֆիլմի ադմինիստրատորը եկավ «Պետական կամերային երաժշտական» թատրոն, որտեղ ես աշխատում եմ դեռ ուսանողական տարիներից, ասաց, որ նոր սերիալ է սկսվելու և վերցրեց դերասանների տվյալները: Որոշ ժամանակ անց կանչեցին քասթինգի' Մուրադի աղջկա կերպարը մարմնավորելու համար: Եվ ես սկսեցի նկարահանվել այդ սերիալում:
- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում:
-Դժվարութունների, կարծում եմ, բոլորս էլ ամեն քայլափոխի հանդիպում ենք, բայց կարևորն այն է, որ կարողանանք դրանք արժանավայել հաղթահարել: Իմ կարծիքով' փորձություններն ուժեղացնում են մարդուն, կարևորը տեսակդ չկորցնես:
- Ֆիլմում կերտած Ձեր կերպարի հետ ի՞նչ ընդհանրություններ ունեք:
-Սկզբնական շրջանում Անիի կերպարը շատ ընդհանուր գծեր ուներ ինձ հետ' համառություն, արդարամտություն, իսկ ամենակարևորն ինձ համար' ազատության գինը գնահատող: Այս պահին Անիի կերպարն ինձ համար էլ է հանելուկային, որը շատ բնորոշ է սերիալին:
- Ինչպե՞ս եք համատեղում թատրոնն ու սերիալում Ձեր զբաղվածությունը:
-Փորձում եմ հնարավորինս հասցնել: Ավելի շատ զբաղված եմ թատրոնում, որտեղ դերերս խիստ տարբեր են:
- Այնուամենայնիվ, թատրո՞ն, թե՞ հեռուստատեսություն:
-Ես թատրոնի և կինոյի դերասանուհի եմ, կարծում եմ' դրանով ամեն ինչ ասված է:
- Գաղտնիք չէ, որ սերիալի միջոցով դերասաններն արագ ճանաչված են դառնում: Դա օգնո՞ւմ, թե՞ խանգարում է:
-Մարդկանց հետաքրքրասիրությունն ու համակրանքն իմ նկատմամբ ավելի է մեծացել, բայց դա ինձ պարտադրում է, որ ավելի զգոն լինեմ, իսկ դա ինձ կաշկանդում է:
- Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ:
-Ազատ ժամանակ սիրում եմ կիթառ նվագել և երգել: Ի դեպ, ես հաճախում եմ պարի, վոկալի և կիթառի պարապմունքների: Ինձ համար լիցքաթափվելու ամենաօպտիմալ ձևը պարելն է:
- Հնարավո՞ր է' մի օր Ձեզ տեսնենք բեմում երգելիս:
-Դա իմ թաքուն երազանքն է…(ժպտում է):
- Ի՞նչ է կատարվում դերասանուհի Տաթևիկ Գրիգորյանի անձնական կյանքում:
-Չեմ սիրում անձնական կյանքս դարձնել քննարկման առարկա:
-Եվ վերջում 9 բլից հարց.
1.Կերպար, որը շատ եք ցանկանում մարմնավորել... Կլեոպատրա
2. Դերասան, ումով հիացած եք... Պենելոպա Կրուզ, Չարլի Չապլին
3. Երաժշտություն, որը հաճախ եք լսում... Նորա Ջոնս, Մելոդի Գարդոտ
4. Ներկայացում, որը հիացրել է Ձեզ... Վիլիամ Շեքսպիր «Համլետ» Մ.Գ.Ա.Թ
5. Ամենասիրելի ֆիլմը.... Կիմ Կի Դուկ «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ, և նորից գարուն»
6. Տանել չեք կարողանում ... Անդաստիարակությունը
7. Սիրում եք... Կյանքը
8. Շնորհակալ եք... Ընտանիքիս
9. Որպես վերջաբան.... Ես ուզում եմ, որ դերասանի մասնագիտությանն ավելի լուրջ վերաբերվեն:
Լիա Թահմազյան