ArmStar.am-ը սկսում է նոր շարք' «Մի լուսանկարի պատմություն»: Մեր մեծ ու թանկ արխիվից կհանենք հայտնի մարդկանց հին լուսանկարները, որոնց պատմությունը կվերհիշեն ու կբացահայտեն հենց իրենք:

Մեր ընտրած առաջին լուսանկարում Հայկ Մարությանն ու Ռաֆայել Ղազանչյանն են: Դատելով լուսանկարում երևացող օրացույցից' այդ ժամանակ 1999 թվականն էր:

Լուսանկարը ցույց տվեցինք Ռաֆոյին ու խնդրեցինք մտաբերել դրա պատմությունը: Առաջին բանը, որ նա ասաց, հետևյալն էր. «Խայտառակ վատ նկար է (ծիծաղում է), եկեք ուրիշ նկար ընտրենք, որ պատմեմ»:

Միայն կարճ ժամանակ անց, շատ դժվարությամբ մտաբերեց մի քանի փաստ. «Անկեղծ չեմ հիշում, երևի Հայկոյին սովորեցնում էի, թե ինչպես համակարգչից օգտվի, (կատակում է), այստեղ երևի КВН–ի սցենարն էինք գրում»:

Սենյակի մասին էլ նշեց. «Եթե չեմ սխալվում, սա ''Շարմի'' այն ժամանակվա գովազդային բաժինն է»,-նշեց Ռաֆոն:

Իսկ վերջում կատակով ավելացրեց. «Չսիրեցի այս նկարը, իհարկե խոսքը Հայկոյի մասին չէ»: