Կոլումբիայի Բարանկիլլայիում` Շակիրայի հայրենի քաղաքում, կանգնեցվել է երգչուհու բրոնզաձույլ արձանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Քանդակի բարձրությունը 6,4 մետր է։ Այն ստեղծվել է նկարիչ Յինո Մարկեսի կողմից, իսկ արձանի պատրաստմանը մասնակցել է ավելի քան 30 մարդ։
«Սիրտ, որը ստեղծագործում է, կոնքեր, որոնք չեն ստում, անզուգական տաղանդ, ձայն, որը հուզում է զանգվածներին և մերկ ոտքեր, որոնք քայլում են հանուն մանկության և մարդկության բարօրության»,- գրված է արձանի մոտ տեղադրված նկարագրության մեջ։
Ինքը՝ երգչուհին, սոցիալական ցանցերում գրել է, որ ուրախ է այս իրադարձությամբ կիսվել ծնողների հետ։
Շակիրան կոլումբիացի երգչուհի է, երգահան, պարուհի, պրոդյուսեր, պարուսույց և մոդել։ Ծնվել և մեծացել է Բարանկիլայում: Լայնորեն ճանաչվել է՝ որպես ամենահաջողակ լատինաամերիկացի արտիստ, ով հաջողության է հասել իսպանալեզու և անգլալեզու երաժշտության շուկայում 2000-ականների սկզբին:
Երգչուհին իր առաջին ստուդիական ալբոմները թողարկել է 1990-ականներին։ Նա բազմաթիվ մրցանակներ ունի: Դրանք ներառում են երեք «Գրեմմի» մրցանակ Լատինական Ամերիկայի ձայնագրման արվեստների և գիտությունների ակադեմիայից, ութ «Լատինական Գրեմմի» մրցանակ և յոթ Billboard Music Awards: