Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն թիմի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին հորդորել է հավատարիմ լինել խոստմանը եւ երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2025 թվական։ RMC Sport-ը հրապարակել է Մբապեին ՊՍԺ-ից ուղղված նամակը։
«2022 թվականի մայիսի 21-ին «Պարկ դե Պրենս» ստադիոնում դուք խաղադաշտ դուրս եկաք «2025» համարի խաղաշապիկով՝ հայտարարելով պայմանագրի երկարաձգման մասին։ Դա հասկանալի էր բոլորին։ Ձեր որոշումը 2024թ․ հունիսի 30-ից դառնալ ազատ գործակալ, հակասում է մեր քննարկումների ոգուն եւ վնաս է հասցնում ակումբին։
Անհրաժեշտ է մինչեւ հուլիսի 31-ը ստանալ ձեզնից վերջնական պատասխան, որը մեզ թույլ կտա անել համապատասխան հետեւություններ։
Երկու տարբերակ կա․ պայմանագրի երկարաձգում մինչեւ 2025թ․ հունիս կամ տեղափոխություն այլ ակումբ։ Այս տարբերակները միայն թույլ կտան ակումբին խուսափել տեւական կորուստներից»,- նշվում է ՊՍԺ-ի նամակում։
Մբապեն հեռացվել է իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից, որը մրցաշրջագայության է մեկնել Ճապոնիա։
Ավելի վաղ փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել էր, որ Մբապեի որոշումը եւս մեկ տարով համագործակցությունը չերկարաձգելու վերաբերյալ շոկային է եղել իր համար, քանի որ ուենցել են բանավոր համաձայնություն այս ամռանը պայմանագիրը մինչեւ 2025 թվական երկարաձգելու մասին։