BRAVO.am-ն օրեր առաջ անդրադարձել է “Արմենիա” հեռուստաընկերության “Ընտրյալներ”-ից Գեորգիի դերակատար Հենրիխ Մկրտչյանին, իսկ այսօր մեր թղթակիցը զրուցել է այս սերիալում Սոնայի կերպարը մարմնավորող Եվա Բաղդասարյանի հետ, որին հեռուստադիտողը ծանոթ է “Եռաչափ սեր”-ում Ինգայի դերակատարմամբ:
“Առաջարկը ստացել եմ ծանոթներիցս մեկից: Միանգամից համաձայնեցի, որովհետեւ կերպարը գրավեց ինձ. նոր հերոսուհին ավելի աշխույժ է, քան նախորդը”,-նշել է սերիալային դերասանուհին:
Եվա Բաղդասարյանը խոստովանել է, որ իր նոր դերն ավելի հաճույքով է խաղում, քանի որ սիրում է չարաճճի ու կենսուրախ կերպարներ.“Արդեն իսկ տարբեր արձագանքներ եմ լսել. որոշ մարդիկ չեն ընդունում, որ դա ուղղակի դեր է: Բայց դերասանուհին կարիերայի ընթացքում ներկայանում է ամենատարբեր կերպարներով, որոնցից շատերը հնարավոր է' ընդհանրապես կապ չունեն իր էության հետ”:
Նա նաեւ հետեւյալն է ասել.“Սոնայի բացասական գծերից եմ համարում եսասիրությունը. նա պատրաստ է ամեն գնով հասնել սիրած էակին, որն արդեն իսկ ընտրյալ ունի”:
Սերիալային դերասանուհին նշել է, որ շատ լավ է զգում նոր միջավայրում ու նոր գործընկերների հետ.“Մեծ սիրով ընդունում եմ մասնագիտական խորհուրդները, որոնք ստանում եմ իմ ավագ գործընկերներ Էվելինա Շահիրյանից, Աննա Պանիից եւ մյուսներից”: