
«Հայաստանի ձայնը» նախագծից հետո հանրությանն առավել հայտնի դարձած Այդին Դավուդին ծնվել է 1989 թվականի մայիսի 17-ին' Թեհրանում: Երգիչը, ով հանդես է գալիս ռոք ոճում, «Հայաստանի ձայնի» միջոցով ցանկություն ուներ իր ողջույններն ու խոսքը փոխանցել ոչ ռոքասեր հասարակությանը, քանի որ ռոք սիրողները նրան ճանաչում են :)
Այդինը Հայաստան է եկել 2005 թվականին և ընդունվել Կոնսերվատորիա: «Ես անվճար ընդունվել էի Մոսկվայի Կոնսերվատորիա, սակայն հայրս դեմ էր, որ այնտեղ սովորեմ, քանի որ մեծ հարգանք ունի հայկական մշակույթի հանդեպ: Նա ասում էր, որ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը եղել է արվեստի կենտրոն և ես պետք է այստեղ սովորեմ: Հենց նրա խորհրդով էլ ընդունվեցի Երևանի Կոնսերվատորիա, որտեղ սովորեցի Արթուր Ավանեսովի ղեկավարությամբ»,- ասաց Այդինը, որ երաժշտությամբ սկսել է զբաղվել 5, իսկ երգել' 9 տարեկանից:
Երգիչը պատմեց, որ Պարսկաստանում ունեցել է ռոք համերգներ, սակայն զբաղվածության պատճառով այժմ չի հասցնում հաճախ համերգներ ունենալ: 2008 թվականից նա համագործակցել է «Նաիրի» խմբի հետ, իսկ 2010-ին հիմնադրել է “ArtA” խումբը, որում նվագում են իր ընկերները' Արտավազդ Բաղդասարյանն ու Վլադիմիր Աղաջանյանը: Խմբի երգերի հեղինակը հենց Այդինն է, այժմ էլ նա աշխատում է ռոքային մի օպերայի վրա, որը կոչվում է “Kill The Dragon”: «Սա ինձ համար ստեղծագործական ուղու և երգեցողության խաչմերուկն է, քանի որ ես և՛ ստեղծագործում եմ, և՛ երգում: Սա գրել եմ հենց ինձ համար' իմ ձայնային տվյալներին համապատասխան»,- նշեց Այդինը, ով ցանկություն ունի ներկայացնելու իսկական, մաքուր ռոք, որն ուղղված է բարեկամությանը, ոչ թե քայքայմանը:
Այդինը հայտնեց, որ «Հայաստանի ձայնին» մասնակցել է “The Beautified Project”-ի Անդրե Սիմոնյանի խորհրդով. «Ուսումնասիրեցի նախագիծն ու հասկացա, որ Հայաստանում ևս այն շատ բարձր մակարդակով է անցկացվում: Ես էլ այդ շրջանում հոգեպես ակտիվության, ադրենալինի կարիք ունեի և որոշեցի ես էլ մասնակցել»:
Թեև հասարակության շրջանում շատերը համաձայն չէին Թաթայի որոշման հետ, ըստ որի' Այդինը դուրս մնաց կիսաեզրափակչից, երգիչը նշեց, որ ինքը դժգոհություններ չունի: «Ես շատ եմ հարգում իմ մարզչին և նրա որոշումը: Նախագծի կանոնակարգն այնպիսին է, որ որոշողը ոչ միայն ժողովուրդն է, այլև մարզիչը: Ես ինձ իրավունք չեմ վերապահի դատել մարզչիս փոխարեն, քանի որ եթե որոշողը ես լինեի, ես կլինեի այդ աթոռին նստած: Կարծում եմ' արվեստի մեջ մրցույթ, առաջին, երկրորդ, երրորդ տեղեր չկան: Մրցույթը մի ժամանակահատված է, որի ընթացքում ժողովրդիդ ներկայանալու և դաշտ մտնելու հնարավորություն ես ունենում,- ասաց Այդինը, ով շատ է կարևորում ժողովրդի սերը: - Ինձ համար շատ կարևոր է ժողովրդի սերը, քանի որ արտիստը ոչինչ է առանց ժողովրդի սիրո: Ես ինչքան կարողացել եմ, անկեղծ եմ եղել ժողովրդիս հետ, քանի որ նա գնահատում է դա: Ամենակարևորը' ժողովուրդս ինձ գիտեր, ճանաչեց և դեռ կճանաչի»:
Առաջիկայում երգիչը մի շարք ծրագրեր ունի, որոնց մասին առայժմ բարձրաձայնել չի ցանկանում: Սակայն դրանից ամենահետաքրքրի մասին խոսեց. սպասվում է նրա և Արտո Թունջբոյաջյանի համագործակցությունը: Առաջարկը եղել է Արտոյի կողմից, ինչը շատ ոգևորող էր Այդինի համար. «Մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը: Արտոն մեծ երաժիշտ է, ուրախ եմ, որ իմ մեջ պոտենցիալ է տեսել: Շատ ուրախ ու երջանիկ եմ, ինձ համար մեծ պատիվ ու անակնկալ էր այդ առաջարկը: Հիմա ոգևորությամբ սպասում եմ համագործակցությանը, երբ ասի, հաճույքով գործի կանցնեմ»:
Վերջում Այդինը բոլորին խորհուրդ տվեց պոզիտիվ ու անկեղծ լինել:)