Ռուս հեռուստահաղորդավար եւ հումորիստ Մաքսիմ Գալկինը հերքել է տեղեկությունն այն մասին, թե իրեն Իսրայելում հարցաքննության են կանչել ծանոթի մահվան պատճառով։
«Այսօր հարգելի պարբերականները գրել են, որ ես այստեղ արդեն ինչ-որ սպանության մեջ եմ կասկածվում, որ ես սպանել եմ ինչ-որ մեկին կամ վկա եմ եղել, եւ ոստիկանությունն ինձ բերման է ենթարկել։ Դա պատվիրված սուտ է»,- Գալկինի խոսքերջ մեջբերել է Lenta.ru-ն։
Բացի այդ՝ հեռուստահաղորդավարը նշել է, որ որոշ լրատվամիջոցներ նախկինում տարածել են այլ ոչ հավաստի տեղեկություններ իր ու իր ընտանիքի մասին, այդ թվում իր կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի նախաինֆարկտային վիճակի մասին։ Հումորիստը քննադատել է այդ մասին գրած լրատվամիջոցներին՝ հայտարարելով, որ դրանք «անհեթեթություն» են հրապարակում։ «Ինչո՞ւ եք մինչեւ հիմա գրում իմ մասին։ Հանգիստ թողեք ինձ»,- լրագրողներին դիմել է Գալկինը։
Այն մասին, որ Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է Գալկինին, հայտնել էր StarHit-ը։ Պարբերականը, վկայակոչելով արտիստի հարեւանների խոսքերը, հայտնել էր, որ նա կարող է մասնակից լինել իր ծանոթի մահվան վերաբերյալ գործին։