Լիբիայի Էլ Մարջ քաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով հաշիշի փաթեթների խմբաքանակ է առգրավվել, հայտնում է The Libya Observer-ը։

Քաղաքի քրեական հետախուզության գլխավոր վարչությունը պարզաբանել է, որ ծովի ափին թմրամիջոցների խմբաքանակը գտել է տեղի բնակիչներից մեկը: Հայտնաբերվել է ՌԴ ղեկավարի պատկերով ընդհանուր 323 փաթեթ: Փաթեթների վրա Պուտինը դասական կոստյումով եւ սեւ փողկապով է:

Հաղորդվում է, որ մի քանի օր առաջ տեղացիները թմրանյութի խմբաքանակ էին հայտնաբերել՝ կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի պատկերով։ Ենթադրվում է, որ ծովի ափին թմրանյութերի փաթեթները մաքսանենգ խմբաքանակի մնացորդներ են, որը փորձել էին խորտակել: