Ինչպե՞ս եւ ինչո՞ւ են կորոնավիրուսի դելտա եւ կապպա տարբերակները կարողանում խուսափել չեզոքացնող հակամարմիններից։ Այս հարցը որոշել են հասկանալ ԱՄՆ-ի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Science ամսագրում։
Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պլազմայի նմուշներ են հավաքել 22-ից 66 տարեկան 37 մարդկանցից, ովքեր նախկինում պատվաստվել էին Moderna, Pfizer կամ Johnson & Johnson-ով: Ինչպես պարզվել է, SARS-CoV-2-ի դելտա, կապպա եւ դելտա պլյուս տարբերակներով հիվանդների մոտ պատվաստման ընթացքում արտադրված հակամարմինների չեզոքացնող ունակությունը նվազել է: Ամենամեծ նվազումը գրանցվել է դելտա-պլյուս-տարբերակի դեպքում: Գիտնականները նաեւ նկատել են, որ Johnson & Johnson պատվաստանյութ ստացածների կեսի մոտ հակամարմինները կորցրել են վիրուսի տարբերակներից մեկը չեզոքացնելու ունակությունը։
Կրիոէլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ հետազոտողներն ուսումնասիրել են S-սպիտակուցների մուտացիաները (բջիջը վարակելու հիմնական գործիքները) կորոնավիրուսի երեք տարբերակներում։ Պարզվել է, որ դելտա տարբերակը սպիտակուցի N-ծայրային դոմենի «ապշեցուցիչ վերադասավորման» է ենթարկվել, ինչը թույլ է տվել նրան ավելի պլաստիկ դառնալ հակամարմիններից խուսափելու ժամանակ։ Ընդ որում, դելտա եւ կապպա տարբերակներում ACE2 ընկալիչին միանալու ունակությունն Ուհանի տարբերակի հետ համեմատելի է մնացել, իսկ դելտա պլյուս տարբերակում նույնիսկ նվազել է:
Գիտնականները վերլուծել են կորոնավիրուսի տարբերակների փոխազդեցությունը 11 հակամարմինների հետ։ Պարզվել է, որ հակամարմիններից մեկը՝ S2X303-ը, կարող է խաչաձեւ արձագանքել միանգամից մի քանի տարբերակների հետ: Մասնագետները նաեւ վերլուծել են, թե ինչպես է այն չեզոքացնում կորոնավիրուսը եւ պարզել, որ այն կապվում է N-ծայրային դոմենի անսովոր, գրեթե 90 աստիճանով այլ հակամարմիններից տարբերվող անկյան տակ։
Հետազոտողները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունները կօգնեն նոր պատվաստանյութեր մշակել կորոնավիրուսի դեմ։