Տարվա չորս եղանակները կապված են լուսնի, աստղերի, արեւի հետ, եւ այս ամենը բերում է նրան, որ գարնանն օրգանիզմն ակտիվանում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, մամուլի ասուլիսում նշեց հոգեթերապեւտ, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը՝ անդրադառնալով գարնանը մարդու հոգեբանական փոփոխությունների ու դրանց դրսեւորումների մասին:

«Ծանր ձմեռվանից հետո բոլորը սպասում են, թե երբ է գալու գարունը: Որոշ գիտնականների կարծիքով՝ ձմռանը մարդու էներգիան կուտակվում է եւ դուրս չի գալիս, իսկ գարնանը մարդու ողջ օրգանիզմի բոլոր համակարգերն ակտիվանում են: Հատկապես խոսքը վերաբերում է սեռական ակտիվությանը: Ես կարծում եմ, որ եթե կա հնարավորություն, կա ցանկություն, ինչի՞ համար ընկճել այդ ամենը: Եվ հենց այդ ակտիվության հետ է կապված այն, որ աշնան վերջին-ձմռան սկզբին շատ ծնունդներ են գրանցվում», - նշեց Մարատ Զաքարյանը:

Հոգեթերապեւտն անդրադարձավ նաեւ «գարնանային դեպրեսիա» կոչվող երեւույթին, որը կարող է ներքին կոնֆլիկտ առաջացնել հատկապես 50-ն անց տարիքի մարդկանց շրջանում: «Պետք է փորձել հաղթահարել այն, որպեսզի չվերածվի դեպրեսիայի եւ չբերի ինքնասպանության»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է երեխաներին, նրանց մոտ, ըստ Զաքարյանի, հարմարողականությունը բարձր է, նրանք հեշտ են ադապտացվում: «Երեխան կխաղա իր ֆուտբոլը կամ տիկնիկը եւ էներգիան բաց կթողնի, եթե, իհարկե, չկա հոգեկան նախատրամադրվածություն եւ հոգեկան հիվանդություն», - նշեց Զաքարյանը: