Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը' «Անծանոթը» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհին' Մերին, իրականում նման չէ իր մարմնավորած կերպարին: Այս մասին ArmStar.am-ի հետ զրույցում ասաց Սոֆյան: Նա մասնագիտությամբ հոգեբան է: Հավանաբար հենց սա է պատճառը, որ կարողանում է հեշտությամբ «մտնել դերի մեջ»: Շատերի մոտ Սոֆյա կինը տպավորվել է որպես ուժեղ անհատականություն: «Իրականում այդքան կոփված ու ուժեղ չեմ, իմ ուժը ներքին է: Բախտի բերմամբ կյանքում այդքան փորձությունների չեմ ենթարկվել ու դճվարություններ չեմ տեսել այդպիսինը լինելու համար: Իմ կարծիքով կինը պետք է ուժեղ լինի, իհարկե, խոսքս տղամարդկային ֆիզիկական ուժի մասին չէ»: Ըստ դերասանուհու ուժեղ լինել չի նշանակում ճնշել կամ ապացուցել:
Առաջին անգամ դերասանուհին նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վերադարձ» սերիալում' մարմնավորելով Նինայի կերպարը: Հենց առաջին դերն էլ նրան հաջողություն բերեց:
Սոֆյայի համար հայտնի լինելը հաջողություն չէ: «Հաջողությունն ինձ համար իմ կատարած աշխատանքն է, գործընթացը, իսկ հայտնի դառնալ մեր օրերում շատ հեշտ է: Իմ կյանքում այդ երևույթը շատ քիչ ազդեցություն է թողնում»: ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում դերասանուհին պատմեց, որ իր կյանքում շատ է կարևորում ծնողների, ամուսնու և ընկերների կարծիքը, ովքեր էլ հանդիսանում են նրա գլխավոր խորհրդատուները: Կյանքում Սոֆյան սովորույթներ կամ հաճախակի օգտագործվող արտահայտություններ չունի, փոխարենը ունի կյանքի կարգախոս. «Ըստ իս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում»:
Իր անցած ճանապարհի շնորհիվ Սոֆյան իրեն հաջողակ ու երջանիկ կին է համարում: «Իմ նորաստեղծ ընտանիքը'ես և ամուսինս, ապրում ենք առանձին»: ArmStar.am-ի այն հարցին, թե արդյոք աշխատանքը չի՞ անդրադառնում անձնական կյանքի վրա, դերասանուհին պատասխանեց, որ իր կյանքում բարեբախտաբար նման խնդիրներ չկան: «Ի ուրախություն ինձ, իմ աշխատանքը դեռ որևէ կերպ չի խանգարել անձնական կյանքիս ու ես երբեք դա թույլ չեմ տա»: Սոֆյա Պողոսյանը ArmStar.am-ի խնդրանքով փորձեց բնորոշել իրեն մի քանի բառով: Իհարկե դերասանուհին սկզբում դժվարացավ, բայց այնուամենայնիվ մի քանի բնութագրական հատկանիշներ նշեց. «Ես տրամադրության մարդ եմ, շատ ընկերասեր եմ և … անհամբեր»:
Սոֆյայի հետ զրուցելիս անդրադարձանք նաև սերիալներին: Ըստ դերասանուհու' Հայաստանում սերիալներն աճելու տեղ ունեն: «Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում ավելի մեծ շեշտ կդրվի դրանց որակի, այլ ոչ թե միայն դիտումների քանակի վրա»: Նա կարծում է, որ սերիալների ու հեռուստատեսային ֆիլմերի ոլորտում դերերն ավելի սահմանափակ են, քան թատրոնում: «Հեռուստատեսության բնագավառում չկա այնպիսի մի դեր, որը կատեգորիկ չեմ ուզենա խաղալ, թատրոնն այս առումով մի փոքր այլ է: Ես իհարկե չեմ կարծում, թե մեծ հաջողությունների եմ հասել, բայց մի բան հաստատ գիտեմ, հեռուստատեսությունում հաջողության հասնելու համար միայն տեսքը, գիտելիքը, կամ փորձը բավական չեն, հարկավոր է բոլոր այս հատկանիշների համակցությունը և իհարկե պրոֆեսիոնալիզմը: Միայն տեսքով երկար ժամանակ չես կարող մարդկանց զարմացնել»: