Սննդաբանները մեծ քաղաքների բնակիչներին հորդորել են սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներից խուսափելու համար ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց սննդակարգին: Ըստ թուրքական Sözcü պարբերականի, մասնագետները հիվանդությունները կանխարգելելու համար խորհուրդ են տալիս ավելի հաճախ ուտել որոշակի տեսակի սնունդ:
Սննդաբան Ֆաթմա Բայսալ Յուսուֆը, պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ սխտորը կօգնի նվազեցնել սրտի հետ կապված ռիսկերը. օրական ցանկալի է ուտել մեկ պճեղ սխտոր՝ նախապես ճզմելով:
Օգտակար մթերքների ցանկում են շոգեխաշած կամ խորոված ձուկը (հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով), ընկույզը և պնդուկը (օմեգա-3 և վիտամին E, մագնեզիում և մանրաթել), կտավատի սերմերը, օրական մեկ ճաշի գդալ՝ յոգուրտի կամ ապուրի մեջ:
B և E վիտամինների շնորհիվ օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում վարսակի, աշորայի և հացահատիկի ալյուրը, իսկ կանաչ թեյը հայտնի հակաօքսիդիչ է, հավելել է մասնագետը: Նա խորհուրդ է տվել դրանով փոխարինել սև թեյը և սուրճը, իսկ փոփոխության համար խմել եղեսպակի կամ երիցուկի թուրմ: Նմանատիպ հակաօքսիդիչ հատկություններ ունեն կարմիր խաղողը (ներառյալ դրանից չամիչը), լոլիկն ու ձմերուկը, հավելել է սննդաբանը: