Երկրում 5G ցանցի աշխատանքի իրական արագության մասին զեկույցի հրապարակումից հետո Հարավային Կորեայի կառավարությունը խոսել է բազային կայանների հաջորդ սերնդի ստեղծման ու մշակման մասին: Ավելին՝ ղեկավարությունն արդեն իսկ ժամկետներ է սահմանել 6G ցանցի թողարկման համար:
Համաձայն Business Korea պարբերականում հրատարակված տեղեկությունների՝ 2026 թ. Հարավային Կորեայի կառավարությունը նախատեսում է 6G ցանցերի թողարկման պիլոտային նախագիծ իրականացնել: Դրա կոմերցիալիզացումը պլանավորվում է կատարել 2028-2030 թթ.: Հենց այդ պլաններն են ընկած կառավարության՝ նոր սերնդի հեռահաղորդակցության ոլորտում ուսումնասիրությունների ու նորարարությունների առաջխաղացման ռազմավարության հիմքում: Վերջինիս մասին խոսել է Հարավային Կորեայի վարչապետ Չունգ Սե Կյունը:
Սկսած 2021 թվականից՝ վեցերորդ սերնդի ցանցերի կառուցման մեջ Հարավային Կորեան նախատեսում է հինգ տարվա ընթացքում ներդնել շուրջ $169 միլիոն: Ըստ նախնական հաշվարկների՝ 6G ցանցերի արագությունը տվյալների փոխանցման ոլորտում 5G ցանցի հնարավորություններին կգերազանցի 50 անգամ. 1 ՏԲ տվյալները հնարավոր կլինի փոխանցել 1 վայրկյանում՝ սպասման տևողությունը կրճատելով 0,1 միլիվայրկյանով:
Միաժամանակ Հարավային Կորեան նախատեսում է 6G ցանցերի ենթակառուցվածքն այնպիսին ստեղծել, որ ազդանշանի ընդունումը հնարավոր լինի Երկրից մինչև 10 կմ բարձրության վրա: