Գիտնականների միջազգային թիմը, բրիտանական Էքզեթերի համալսարանի հետազոտողների ղեկավարությամբ, մշակել է մեթոդ, որը հնարավորություն կտա որոշել նորածինների հակվածությունը I տիպի շաքարային դիաբետի նկատմամբ: Դրա համար բավական է երեխայից արյուն վերցնել, գրում է Nature Medicine-ը:

 

Մեթոդում միավորված են գենետիկական վերլուծությունը և աուտոհակամարմինների հայտնաբերումը՝ շաքարային դիաբետի կենսամարկերներ, որոնք որոշում են այս հիվանդության նկատմամբ նախահակվածությունը:

Նոր մոտեցումը երկու անգամ ավելի լավ է կանխատեսում նորածինների մոտ շաքարային դիաբետի զարգացումը, քան հին մեթոդները: Այն կանխատեսում է նաև երեխաների մոտ կետոացիդոզի հայտնվելը. սա ախտանիշ է, երբ ինսուլինի անբավարարության դեպքում գլյուկոզը չի հասնում բջիջներ: Նման պայմաններում բջիջները որպես էներգիայի աղբյուր սկսում են օգտագործել ներքին ճարպի պաշարները, որի արդյունքում առաջանում են այսպես կոչված կետոններ, որոնք կուտակվելով օրգանզիմում և արյան մեջ հասնելով ինչ-որ սահմանային մակարդակի, առաջ են բերում օրգանիզմի ջրազրկում:

 

Պրոֆեսոր Ուիլյամ Հագոպյանը հայտարարել է, որ նոր մեթոդը թույլ կտա հնարավորինս շուտ սկսել բուժումը՝ նորածնի մոտ շաքարային դիաբետի զարգացման կասկածի դեպքում:

Գիտնականները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները և գտնել գենետիկ խանգարումների, օրինակ՝ Ցելիակի հիվանդության, վաղ ախտորոշման եղանակներ: