Միխայիլ Եֆրեմովը իրեն մեղավոր է ճանաչում Մոսկվայի կենտրոնում իր մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի գործով, ասել է փաստաբան Վիտալի Չերնիշևը: «Երեկ նրան հարցաքննել են որպես կասկածյալ, նա չի հերքել իր ներգրավվածությունը, դեռևս որևէ պաշտոնական մեղադրանք չկա մի շարք տեխնիկական պատճառներով», - նշել է իրավաբանը։ Ըստ նրա՝ արտիստը ավելի ուշ կհարցաքննվի: Ըստ օրենքի՝ պաշտոնապես մեղավորությունը ճանաչվում է քրեական գործով հարցաքննության ընթացքում: Ինչպես հայտնել ենք, ավտովթարը տեղի է ունեցել անցած գիշեր՝ Մոսկվայի Սմոլենսկայա հրապարակում գտնվող թիվ 3 տան մոտ: Եփրեմովը, ով վարում էր «Jeep Grand Cherokee» ավտոմեքենան, մեծ արագությամբ մուտք է գործել հանդիպակաց գոտի և բախվել «Lada» ավտոմեքենային։ Վարորդը հոսպիտալացվել է գլխի փակ վնասվածքով: Առավոտյան հինգին նա մահացել է: Փորձաքննությունը ցույց է տվել, որ վթարի ժամանակ Եֆրեմովը հարբած է եղել: Ըստ ԶԼՄ-ների՝ առաջին հարցաքննության ժամանակ Եֆրեմովը դժվարությամբ է արտահայտել իր մտքերը։ Նա նախ ձերբակալվել, ապա ազատ է արձակվել։ Հարբած վիճակում մահվան ելքով վրաերթի վերաբերյալ հոդվածի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Այն ենթադրում է մինչև 12 տարվա ազատազրկում: Հետաքննությունը ստանձնել է Մոսկվայի դատախազությունը: