Հայ հանրահայտ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը NEWS.am STYLE-ի թղթակցին է ներկայացրել ստեղծագործական ծրագրերը:
Մի քանի օր առաջ Ձեր նոր տեսահոլովակի պրեմիերան էր: Մի փոքր պատմեք այդ մասին:
«Կանգնիր» երգը, որի տեսահոլովակը նկարահանվել է, շատերին է հայտնի: Կոմպոզիտորն Արթուր Գրիգորյանն է, իսկ տեսքը գրել է Շուշան Պետրոսյանը: Հոլովակում իմ կերպարի ուղղությամբ աշխատել են դիմահարդար Մանե Սահակյանը եւ վարսահարդար Լիլիթ Հակոբյանը: Հագուստն ինքս եմ ընտրել, քանի որ հենց այդ զգեստով էլ պատկերացնում էի իմ հերոսուհուն:
Հայաստանում կամ արտերկրում համերգներ, կամ նոր սկավառակի թողարկում ծրագրո՞ւմ եք: Եվ, ի դեպ, այժմ ո՞ր բեմում կարելի է Ձեզ տեսնել:
Հիմա ես որեւէ հստակ վայրում չեմ երգում: Բայց շատ շուտով ելույթներ կունենամ, որոնց մասին անպայման կտեղեկացնեմ իմ երկրպագուներին: Ծրագրերում, իհարկե, ե՛ւ նոր հոլովակ, ե՛ւ նոր սկավառակ կան:
Երկար ժամանակ Ձեր մասին ոչ մի նորություն չկար: Ինչի՞ հետ է կապված:
Ես միշտ աշխատում եւ զբաղվում եմ իմ սիրելի գործով, պարզապես վերջին ստեղծագործություններս ունկնդրի դատին չեմ հանձնել: Հիմա արդեն դրանք բավական շատ են, այդ պատճառով շուտով իմ մասին նորությունները նույնպես շատ կլինեն:
Ձեր մասին ինչպիսի՞ ամենից անհեթեթ բամբասանքներն եք լսել: Վերջերս լուրեր էին պտտվում, թե Դուք զուգերգ եք կատարելու Լիլիթ Հովհաննիսյանի հետ...
Բոլոր բամբասանքները, որ լսել եմ, շատ ծիծաղելի են եւ չեն համապատասխանում իրականությանը: Իսկ զուգերգ կատարելու ծրագրեր ո՛չ ես, ո՛չ էլ Լիլիթը, կարծում եմ, չունենք:
Կա՞ն, արդյոք, հայկական էստրադայի կատարողներ, որոնց երաժշտությունը Ձեզ հոգեհարազատ է:
Շատ եմ գնահատում այն մարդկանց աշխատանքը, ովքեր կարողանում են պահպանել իրենց անհատականությունը եւ, միաժամանակ, հետեւել ունկնդրի ճաշակին:
Ի՞նչ կմաղթեիք Մայրության եւ գեղեցկության տոնի նախաշեմին:
Բոլոր կանանց եւ աղջիկներին մաղթում եմ, որպեսզի միշտ իրենց անգին եւ սիրված զգան: Մաղթում եմ ձեզ միշտ ժպիտով արթնանալ: