Գերմանացի մաքսայինները փաստաթղթերի բացակայության պատճառով թույլ չեն տվել կանադացի հանրահայտ երգիչ Ջասթին Բիբերի կապկին հատել սահմանը: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով մաքսատան ներկայացուցչին:

Բիբերը Մյունխեն է ժամանել Believe համերգային շրջագայության շրջանակներում: Հաջորդ շաբաթ նա պատրաստվում է ելույթ ունենալ Գերմանիայի այլ քաղաքներում, ինչպես նաև Ավստրիայում: Սակայն երգիչը իր կենդանուն Գերմանիա տանելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ունեցել:

Այժմ Բիբերը շրջագայում է ամբողջ աշխարհով: Նրա Believe սկավառակը թողարկվել է 2013թ. և միանգամից հայտնվել Billboard Hot 100-ի երկրորդ հորիզոնականում՝ մեկ շաբաթում վաճառվելով 520 հազար օրինակով:

Երգիչը բազմիցս է հայտնվել սկանդալային պատմությունների կենտրոնում: Օրինակ՝ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ նա կռվել է լուսանկարչի հետ, իսկ Օսլոյի համերգի ժամանակ երկրպագուների խումբը դուրս է եկել վերահսկողությունից, և ոստիկանները խնդրել են երգչին հանդարտեցնել մարդկանց բազմությանը: Վերջերս էլ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, թե Բիբերի ԱՄՆ-ի հարևանները մեղադրել են նրան հարձակումների և սպառնալիքների մեջ: