Consumer Reports ոչ առևտրային կազմակերպության փորձագետները կազմել են լավագույն մակնիշների վարկանշային աղյուսակը ճանապարհային փորձարկումների, սոցիալական հարցումների, անվտանգության բազային համակարգերի առկայության և «կանխատեսվող հուսալիության» չափորոշչի հիման վրա: Նրանք հարցումներն ու ուսումնասիրությունները կատարել են ԱՄՆ-ում:
Ավտոմեքենաների ճանապարհային թեստերն անցկացվել են անանուն, իսկ բավարարվածությունը գնահատելու համար մեքենաների սեփականատերերին հարցրել են՝ «կգնեի՞ն արդյոք նրանք նույն այդ մակնիշի ավտոմեքենան կրկին»:
«Կանխատեսվող հուսալիությունը» հաշվարկվել է սեփականատերերի էքսպրես-թեստի օգնությամբ, իսկ անվտանգությունը գնահատվել է այդ թվում՝ ակտիվ և պասիվ պաշտպանական համակարգերի բազային կոմպլեկտավորման առկայության հիման վրա:
Այսպիսով, վարկանշային աղյուսակի առաջատարը Porsche բրենդն է: Գերմանական ապրանքանիշի բոլոր երեք մոդելները ցույց են տվել հաճախորդների բավարարվածության ամենաբարձր գործակիցը, ունեցել են բարձր հուսալիություն և անվտանգություն:
Ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է կորեական Genesis պրեմիում ապրանքանիշը, երրորդ տեղում՝ Subaru-ն: Լավագույն տասնյակում մյուս հորիզոնականները զբաղեցրել են Mazda, Lexus, Audi, Hyundai, BMW, Kia և MINI բրենդները:
Իսկ հուսալիության և անվտանգության տեսանկյունից ամենացածր գնահատականն են ստացել Fiat ապրանքանիշի ավտոմեքենաները: Ցանկի վերջին հորիզոնականներում հայտնվել են Mitsubishi-ն, Jeep-ը, Land Rover-ը, Cadillac-ը, Jaguar-ն ու GMC-ը: