Լյուքսեմբուրգում փետրվարի 29-ից հասարակական տրանսպորտի ամբողջ համակարգը՝ երկաթուղիները (բացառությամբ առաջին կարգում երթևեկությունների), ավտոբուսները (բացառությամբ մի շարք գիշերային երթուղիների) և տրամվայները դարձել են անվճար:

Ինչպես հայտնել են Լյուքսեմբուրգի կայուն զարգացման նախարարությունից, որի կառուցվածքում ընդգրկված է տրանսպորտի դեպարտամենտը, նմանատիպ միջոցառումներ նախկինում ձեռնարկվել են առանձին քաղաքների կողմից, բայց առաջին անգամ դա կիրառվել է երկրի ամբողջ տարածքում:

 
 

Իշխանությունները նշում են, որ այդ քայլը կոչված է բեռնաթափելու ճանապարհները մեքենաներից: Ամեն օր Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից մոտ 200 հազար մարդ գնում է աշխատանքի Լյուքսեմբուրգ:

Ըստ AFP- ի՝ փոփոխությունները, որոնք իշխանությունները անվանել են «կարևոր սոցիալական միջոցառում», կազդեն տնային տնտեսությունների գրեթե 40%-ի վրա:

Ամբողջությամբ անվճար երթևեկության ապահովումը կպահանջի տարեկան 41 միլիոն եվրո լրացուցիչ ծախսեր, որոնք ստացվելու են հարկային վճարներից: