Ղեկավարության փոփոխություն է տեղի ունեցել The Walt Disney Company ամերիկյան խոշոր կորպորացիայում. Բոբ Չապեկը դարձել է դրա նոր գլխավոր տնօրենը, ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում էր Ռոբերտ Այգերը: Այդ մասին ասված է փետրվարի 25-ին ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Այգերը, որն ընկերության ղեկավարն էր 2005 թվականից, կշարունակի աշխատել այնտեղ: Մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի վերջը նա կզբաղեցնի վարչության գործադիր նախագահի պաշտոնը: Բիզնեսմենը, մասնավորապես, պատասխանատու կլինի Disney-ի ստեղծագործական ստորաբաժանումների համար:

Չապեկը Disney-ում աշխատում է արդեն շուրջ 27 տարի: Ավելի վաղ նրա պատասխանատվության ոլորտի մեջ մտնում Էին ընկերության ժամանցային զբոսայգիները, ինչպես նաեւ նրա արտադրանքի մի մասը: Չապեկն աշխատանքի այն ուղղությունների թվում, որոնք նա համարում է հանգուցային, նշել է տեխնոլոգիական ինովացիաները եւ Disney-ի դերի ընդլայնումը միջազգային շուկաներում:

The Walt Disney Company-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բերբանքում (Կալիֆոռնիայի նահանգ): Ընկերության շուկայական կապիտալիզացիան գնահատվում է մոտավորապես 230 մլրդ դոլար:

Ինչպես նշում է CNBC-ն, Disney-ի բաժնետոմսերը ղեկավարության փոխվելու վերաբերյալ նորությունների ֆոնին ընկել է 2,5 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: