Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, սկանդալային ամուսնալուծությունից հետո այլևս չի կարող թաքցնել, որ մեղքի զգացումից տանջվում է։ Նրա խոսքերով՝ թեթևություն է զգում միայն աղոթելուց հետո և որոշել է մեղքը քավել «Новые русские сенсации» հաղորդման ժամանակ՝ տեսաուղերձով դիմելով Ջիգարխանյանին։ Նա հավատում է, որ դրանով կարող է օգնել նաև Արմեն Ջիգարխանյանին։
«Հարգելի Արմեն Բորիսովիչ, իմ սիրելի Ջիգոչկա։ Արդեն 3 տարի է անցել այն պահից, երբ մենք բաժանվեցինք։ Ես կարծում եմ, որ սա բաժանություն չէ, ավելի ճիշտ կլինի ասել՝ մենք կորցրել ենք միմյանց։ Ես ուզում եմ ասել, որ դու եղել ես և կաս իմ կյանքի գլխավոր մարդը, իմ միակ ամուսինը, և ես կարծում եմ, որ այդպես կլինի դեռ երկար ժամանակ։ Ուզում եմ ասել, որ շարունակում եմ քեզ սիրել, շնորհակալ եմ ճակատագրին, որ մենք հանդիպեցինք։ Եվ եթե ես կարողանայի փոխել հանգամանքները․․․»։
Վիտալինան հավաստիացնում է, որ միայն Ջիգարխանյանի հետ է իրականում երջանիկ եղել։
«Գիտեմ, որ դու չես սիրում հրաժեշտ տալ, բայց եթե դա պետք է անել, արի հիմա հրաժեշտ տանք: Ես շատ կուզեի լինել քո կողքին, և վստահ եմ, որ քո համար լավ կլիներ: Ներիր ինձ»,- ասել է նա: