Թուրք դերասան Ադնան Քոչը, որը հայտնի է «Հիանալի դար» հայտնի հեռուստասերիալում խաղացած իր դերով, մի շարք մեղադրանքներով դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման: Մեղադրանքների թվում են ոստիկանությանը զինված դիմադրություն ցույց տալը, պատանդներ վերցնելն ու ապօրինի հրազեն կրելը: Այս մասին տեղեկացնում է Cumhuriyet պարբերականը:
Քոչը հայտնի է «Հիանալի դար» պատմական հեռուստասերիալում Բեհրամ փաշայի և «Արևելյան քաղցրավենիք/Արևելք-Արևմուտք» սերիալում Քեմալի դերով:
Քոչն ու ևս 5 մեղադրյալ ձերբակալվել են 2018 թվականի մարտին` թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում անցկացված գործողության ժամանակ: Նրանք փորձել են զինված դիմադրություն ցույց տալ, մաքրել հանցագործության հետքերն ու պատանդ վերցնել ոստիկանության աշխատակիցներին: Դիմադրության ժամանակ նրանք վիրավորել են 6 ոստիկանի:
Ստամբուլի երրորդ քրեական դատարանը դատավճիռներ է հրապարակել հետևյալ մեղադրանքներով. «ապօրինի հրազենի կրում», «մարմնական վնասվածքներ հասցնել» «ոստիկանության աշխատակիցներին զինված դիմադրություն», «ապօրինի ազատազրկում»:
Ադնան Քոչն ու նրա եղբայր Ահմեդը դատապարտվել են 16 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման, մյուսները դատապարտվել են 4 տարի 9 ամսից մինչև 17,5 տարվա ազատազրկման: