Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկվում և քննադատությունների է ենթարկվում «Մեղքս որն է», «Սիրելով, ներելով» երգերի տեսահոլովակներով հայտնի դարձած երգչուհի Անգելինա Ավետյանը։ Քննադատությունները վերաբերում են ոչ միայն ձայնային տվյալներին, դրանք հասնում են մինչև անձնական վիրավորանքների։ Սոցիալական ցանցերում, անգամ, սկսեցին հրապարակել վերջինիս լուսանկարը՝ նրան նմանեցնելով տրանսգենդերի։ Թե ինչպե՞ս է այս ամենին վերաբերում ինքը՝ Անգելինա Ավետյանը, ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել հենց նրանից։

Մեզ հետ զրույցում երգչուհին կտրականապես հերքեց տրանսգենդեր լինելու հանգամանքը․ «Նման բան չկա, նույնիսկ ծիծաղս է գալիս։ Նույնիսկ դա տարածողներն ինձնից ներողություն են խնդրել։ Ինձ ճանաչողները ճանաչում են։ Չգիտեմ՝ որտեղից են վերցրել դա, եթե արտաքինս հայի նման չէ, ամեն դեպքում չի կարելի նման բաներ գրել։ Ես այդքան շատ վիրահատություններ չեմ էլ տարել։ Միայն քիթս է վիրահատական միջամտության ենթարկվել այն էլ միջնապատիս պատճառով, քանի որ լավ չէի շնչում։ Փառք աստծու ինձ, գրեթե, բոլոր վիրաբույժներն էլ գիտեն, այլ վիրահատություն չեմ արել»,- նշեց Անգելինա Ավետյանը։

Վերջինիս խնդրեցինք տրամադրել իր հին լուսանկարները՝ նմանատիպ խոսակցություններին վերջ տալու համար, սակայն նա չցանկացավ՝ նշելով, որ ինքը ոչ մեկի առաջ արդարանալու խնդիր չունի։ Անդրադառնալով խոսակցություններին, որոնք կասկածի տակ են դնում իր հայ լինելը, Անգելինան նշեց․ «Ես լրիվ հայ չեմ, միակողմանի եմ հայ, իմ մեջ կա խառնուրդ, սակայն չեմ ցանկանում նշել՝ որ ազգի խառնուրդ եմ, սակայն ազգությունս հայ եմ ճանաչել։ Թեև այստեղ եմ ծնվել, մեծացել, բայց երբ ուզեմ կարող եմ գնալ այդ երկիր և ստանալ այնտեղի քաղաքացիություն, պարզապես չեմ ուզում, որովհետև սիրում եմ Հայաստանը, Երևանն իմ անփոխարինելի քաղաքն է։ Ավարտել եմ Մանկավարժական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, թերթի խմբագրություններից մեկում աշխատել եմ որպես լրագրող»,- ասաց նա։

Անգելինայի խոսքով՝ վատ մեկնաբանություններն իր վրա չեն ազդում, դրանց վրա միայն ծիծաղում է, իր համար կարևորն իր լսարանն է ու նրանց աջակցությունը․ «Լավ կարծիքներին կողմ եմ, որովհետև ունեմ լսարան, որն ինձ լսում է, հաճոյախոսում է և ես շատ շնորհակալ եմ։ Իսկ վատ մեկնաբանություններ գրողները ճղճիմ մտածելակերպ ունեն, չար են ու պարապ, տեսնում են ինչ-որ մեկն ուզում է հասնել բարձունքի, քարկոծում են։ Մեր հայերի բնավորությունն է և ես դրանից ոչ նեղանում եմ, ոչ էլ ինձ վրա ազդում է։ Ես ծիծաղում եմ նման մեկնաբանությունների վրա»,- նշեց Անգելինան։

Նա պատմեց, որ երգում է մանկուց, սակայն ավելի մտերմիկ շրջապատում, իսկ այժմ փորձում է մուտք գործել շոու-բիզնես․ «Երգում եմ շանսոն ոճում, բայց հիմա ցանկացա ներկայանալ էստրադային ոճում։ Այս պահին որևէ տեղում չեմ աշխատում, զբաղված եմ տեսահոլովակներով, գրաֆիկս շատ խիտ է։ Արդեն ունեմ 3 տեսահոլովակ, 4-րդի պրեմիերան կլինի հունվարի 13-ին, որը ծնունդի մասին է, իսկ ավելի ուշ՝ մարտի 8-ին, մայրիկին նվիրված երգս կլինի։ Առաջիկայում կունենամ նաև սիրո մասին տխուր երգ։ Չեմ հասցնում նաև պատվերով գնամ երգեմ, քանի որ օրս հագեցած է։ 2 ծնունդի երգելու առաջարկ եմ ստացել, բայց չեմ ընդունել։ Տեսահոլովակներիս վրա կայանամ, նոր կսկսեմ ընդունել առաջարկները՝ կլինի ծնունդ, թե հարսանիք»,- պատմեց երգչուհին։