Այսօր նա համարվում է ոչ միայն հնդկական, այլեւ հոլիվուդյան ֆիլմերի աստղ: Նրա արտաքինը հրապուրում է հազարավոր տղամարդկանց եւ դառնում նույնքան կանանց նմանակման առարկան: Տարիներ են անցել այն օրվանից, երբ նա նվաճել է «Միսս աշխարհ» մրցույթի տիտղոսը, բայց նրան մինչ օրս համարում են աշխարհի գեղեցկուհի:

Իհարկե, խոսքը բոլիվուդյան դերասանուհի, մոդել եւ տիտղոսակիր գեղեցկուհի Այշվարիա Ռայի մասին է: Նրան հաճախ հիշում ենք մեր նյութերում՝ ներկայացնելով ինքնատիպ կերպարներն ու ստեղծագործական նվաճումները, իսկ այսօրվա անդրադարձի թեման դերասանուհու տարեդարձն է: Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Այշվարիա Ռայը նշում է ծննդյան 46-ամյակը՝ շարունակելով փայլել իր արտաքին հմայքով եւ իր գեղեցկությամբ «փրկելով» աշխարհը:

«Կյանքը, վաղ, թե ուշ, բոլորիս հետ էլ իր հաշիվները մաքրելու է: Մենք վիրավորվում ենք, ծերանում...Տխուր է, երբ փորձում ենք փախչել այդ իրականությունից: Արտաքին գեղեցկությունն ամեն ինչ չէ: Ես միշտ չէ, որ գեղեցիկ եմ լինելու»:

«Կյանքի ցանկացած փուլում դու կարող ես քաշ հավաքել, եւ դա բնական է: Ճիշտ չէ կենտրոնանալ դրա վրա»:

«Նրբագեղությունը բնածին է: Այն ինդիվիդուալ է եւ ժամանակ չի ճանաչում ու դիմակայում է ժամանակի բոլոր փորձություններին»:

«Լավ բան է կարեւոր լինելը, բայց ավելի կարեւոր է լինել լավը»:

«Կյանքը բեմ է, իսկ մենք՝ դերասաններ, այնպես որ՝ պետք է լավ կատարենք մեր դերերը»:

«Քեզ հանդիպած 100 մարդուց առնվազն տասը քեզ չեն սիրելու: Ապրում ես եւ հասկանում, որ երբեք բոլորին չես կարող գոհացնել»:

«Ես մասնագիտացել եմ՝ որպես ճարտարապետ եւ չէի ծրագրում հայտնվել ֆիլմերում: Դերասանությունն ինձ համար այլ մասնագիտություն է, դա իմ աշխատանքն է, որին ես լրջորեն եմ մոտենում»:

«Ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկին պարտավոր ես բացատրություններ տալ: Ոչ ոք այդչափ կարեւոր չէ»: