«Կինոպարկ»-ում երեկ՝ հոկտեմբերի 17-ին, կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի փակ դիտումը, որին ներկա էին ֆիլմի ստեղծագործական կազմն ու գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանները:
«Դրախտի դարպասը» ֆիլմը ներկայացնում է Արցախյան պատերազմն ու դրա շուրջ համախմբված հերոսների կյանքը, գլխավոր հերոսի մեծագույն սխալն ու այն ուղղելու մեծ ցանկությունը: Իրադարձությունները զարգանում են 2016թ-ի ապրիլին։ Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմի իրադարձությունները լուսաբանելու ցանկությամբ։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյայի հետ, նրանք սիրահարվում են։ Սակայն շուտով նա իմանում է՝ ով է Սոֆյան։ Նա անհետ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992թ-ին Թալիշի անկման օրը գերի է ընկել։ Այդ ժամանակ Ռոբերտը չի փորձել գերությունից փրկել հերուսուհու հորը, միայն վերցրել է լուսանկարները, որոնք արվել են մարտի դաշտում։ Դրանք ներկայացնելով որպես սեփականը՝ նա համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել։
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նախագծի շուրջ է համախմբել հայտնի պրոդյուսերների՝ 6 երկրներից՝ Բուլղարիա, ԱՄՆ, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա եւ Չեխիա: Նրանք բոլորը ներկա էին «Կինոպարկ»-ում տեղի ունեցած պրեմիերային, իսկ դրա ավարտից հետո յուրաքանչյուրն իր երախտիքի խոսքը հայտնեց Ջիվան Ավետիսյանին՝ նախագծում ընդգրկվելու համար: Նրանք շեշտեցին՝ ցանկանում էին ստեղծել մի ֆիլմ, որը ցույց կտար Արցախի իրական իրավիճակն աշխարհին, որը հաճախ ստվերում է մնում համաշխարհային լուսաբանումից:
«Փոքր կոնֆլիկտներ չկան. այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, իր ազդեցությունն է ունենում բոլորի վրա»:
Անդրադառնալով ֆիլմի վերնագրի ընտրությանը՝ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նշեց.
«Ես հավատում եմ, որ երկրային կյանքին զուգահեռ գոյություն ունի նաեւ դրախտը: Ինձ միշտ հարցնում են՝ որն է ամենահետաքրքիր պահը ֆիլմն արտադրելու ընթացքում. դա այն պահն է, երբ քեզ լիարժեք ես զգում: Դրախտն այն վայրն է, որտեղ դու քեզ լիարժեք ես զգում: Դու կարող ես ունենալ ամեն ինչ, բայց քեզ այնքան թերի զգաս, որ վախենաս աչքերդ բացել առավոտյան: Եվ հակառակը՝ կարող ես ունենալ ոչինչ, բայց այնքան երջանիկ լինել, ինչպես դրախտում: Յուրաքանչյուրի համար գոյություն ունի իր դրախտը. այն պետք է բացահայտել: Ես այն բացահայտել եմ: Ինձ համար դրախտը Արցախն է, որտեղ իմ թեւերը լայն բացված են»:
Ֆիլմի ստեղծման շուրջ կազմն աշխատել է 40 ամիս: Ռեժիսորի խոսքով՝ ամենամեծ աշխատանքները նոր են սկսվելու. խոսքն աշխարհում ֆիլմը տարածելու մասին է.
«Սցենարիստ Արտավազդ Եղիազարյանի հետ փորձել ենք պատմել մի պատմություն, որն անկախ ազգությունից, կրոնից եւ սեռից, բոլորին կարող է հետաքրքրել: Փորձել ենք ընտրել լավագույ ն դերասանական կազմը: Սա առաջնահերթ արվել է հանուն արվեստի, ցանկացել ենք ստեղծել անկեղծ ու ազնիվ, ճշմարիտ արվեստի գործ: Անձնական պատմություն ունեմ, սիրում եմ ու կշարունակեմ պատմել Արցախի մասին՝ այն, ինչ գիտեմ, այն, ինչ կարեւոր է»,-ասում է Ջիվան Ավետիսյանը՝ հավելելով, որ ֆիլմը ծրագրում են ցուցադրել նաեւ արտերկրում, մանավանդ, որ դրական արձագանքները չեն ուշացել.
«Մեկ օր առաջ եմ վերադարձել Քյոլնից, որտեղ բախտ ունեցա ներկայացնել նախագիծը մեծ լսարանին, եւ մենք ունեցանք բավական լավ արձագանք: Ֆիլմն ունի պոտենցիալ` ուշադրության արժանանալու համար»:
Ֆիլմի գլխավոր դերակատարներին՝ լուսանկարիչ Ռոբերտին եւ օպերային երգչուհի Սոֆյային, մարմնավորում են գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը եւ Վլադիմիր Սպիվակովի դուստրը՝ դերասանուհի-երգչուհի Տատյանա Սպիվակովան: Նրանք հիացած են ոչ միայն Արցախի գեղեցկությամբ, այլեւ մարդկանց ջերմությամբ եւ հյուրընկալությամբ:
Ռիխարդ Զամելը խոստովանում է՝ երբ ստացել է ֆիլմում նկարահանվելու առաջարկը, արձակուրդի մեջ էր. սովորաբար, նման դեպքերում Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» ֆիլմից հայտնի դերասանը մերժում է նկարահանման առաջարկները, սակայն «Դրախտի դարպասն» իր սցենարով գրավել է նրան.
«Երբ դեր ես ստանձնում, համենայն դեպս իմ մասին եմ խոսում, պետք է ցանկանաս այն կերտել: Ես չեմ փորձում գոհացնել իմ խաղով մյուսներին, ինձ համար առաջնահերթն այն է, որ ես ինձ տեղավորեմ այն իրականության մեջ, որը ներկայացնում եմ: Իսկ այդ իրականությունը ստեղծվում է ռեժիսորի եւ մյուս տեսարանների շնորհիվ: Ինձ համար կարեւոր է շատ լավ հասկանալ այն, ինչ ես պետք է ներկայացնեմ եւ ես բաց եմ այն ամենին, ինչ իրենց խաղով պատմության մեջ բերում են մյուս դերասանները: Ջիվանը շատ բաց էր նաեւ մեր տեսանկյունների հանդեպ, նա սիրով ընդունեց իմ մտքերը եւս, ինչի համար շատ շնորհակալ եմ. դերասանի համար շատ կարեւոր է կրեատիվ լինելը: Ֆիլմի սցենարը բավական հագեցած էր: Անընդհատ նոր իրադարձություններ էին լինում, եւ ես նոր փորձառություն ձեռք բերեցի աշխատելու ընթացքում: Ուրախ եմ նաեւ Տատյանայի հետ համագործակցության համար: Նրա հետ շատ հեշտ էր աշխատելը: Երեւի դա նաեւ նրանից էր, եր երկուսս էլ երկար ժամանակ Ֆրանսիայում էինք ապրել, խոսում էինք ֆրանսերեն ու շատ հեշտ էինք միմյանց հասկանում»,-ասում է դերասանն ու հավելում, որ Հայաստանում իրեն տանն էր զգում.
«Անգնահատելի էր այն օժանդկությունը, որ ցուցաբերում էին մարդիկ մեր աշխատանքի ընթացքում: Դա մի բան է, որը հազվադեպ ենք հանդիպում Եվրոպայում, երբ մարդիկ, որոնք կապ չունեն նկարահանող խմբի հետ, ցանկացած հարցում փորձում են օգնել քեզ»:
Տատյանա Սպիվակովան էլ սցենարի հանդեպ կապվածությունը հենց սկզբից է զգացել.
«Սոֆյան շատ վճռական ու հրաշալի կին է, որը պայքարում է արդարության համար: Նաեւ պայքարում է ինքն իր հետ՝ իր ներքինը հասկանալու համար: Նա շատ երիտասարդ տարիքում է լքել իր տունը պատերազմի պատճառով, սակայն միշտ ցանկացել է վերադառնալ եւ պայքարել իր արվեստի՝ երաժշտության միջոցով: Ինքս դեռ չեմ տեսել ֆիմը, ու շատ հուզված եմ, թե ինչպես է այդ ամենը նկարագրված էկրանին»:
Դերասանուհին հիշեց նաեւ այն հետաքրքիր դրվագները, որոնք պատահել են նկարահանման ընթացքում.
«Նկարահանման առաջին օրը այնքան երեխաներ կային այնտեղ, որոնք ինձ հմայեցին.մենք երգում էինք, պարում, ինձ համար այդ պահին ժամանակը կանգ էր առել: Այդ պահերին ես հասկանում, որ մշակույթը, լեզուն կապ չունեն, ամեն ինչ կախված է ազնվությունից. Դրա վառ ապացույցը հենց այն է, որ այս ֆիլմի շուրջ հավաքվել են տարբեր ազգեր ներկայացնող մարդիկ, որպեսզի միասին ստեղծենք ճշմարտություն ներկայացնող այս պատմությունը»:
Դերասանական կազմում ֆիլմասերները կտեսնեն նաեւ Սոս Ջանիբեկյանին, Նաիրա Զաքարյանին, Նինա Կրոնյագերին եւ Բենեդիկտ Ֆրեյթագին:
Անդրադառնալով ֆիլմի տարածման դեմ ադրբեջանական կողմից հնարավոր հակադրություններին եւ խոչընդոտներին՝ ռեժիսորը նշեց.
«Ես հավատում եմ, որ մենք այնքան ճշմարիտ արվեստի գործ ենք ստեղծել, որ ցանկացած խոչընդոտ կարողանալու ենք հաղթահարել արվեստի միջոցով: Յուրաքանչյուրիս նպատակն էր ստեղծել անկեղծ ու ազնիվ ֆիլմ: Դժվարություններ եղել են, բայց կրկնակի հուզմունք ունեմ, որ խաղաղության նպատակով արված գեղեցիկ ու բարի գործ ենք ներկայացրել: Աշխարհում ավելի շատ են խաղաղության ձգտող մարդիկ, քան չարանենգները: Եվ այս պրոդյուսերներն ու դերասանները՝ բոլորն էլ ձգտում են, որ մեր երկրում եւ աշխարհում, առհասարակ, խաղաղություն լինի: Ես հավատում են, որ «Դրախտի դարպասը» դիտելու են միլիոնավոր մարդիկ. ես ամեն օր դրա համար աշխատում եմ եւ աղոթում»:
Մինչ ֆիլմի հանմաշխարհային արշավը՝ այն կարող եք արդեն դիտել «Երեւան Մոլ»-ում գործող «Կինոպարկ»-ում: