Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սպիտակ նժույգով բարձրացել է Պեկտուսան լեռը, որը Կորեական թերակղզու ամենաբարձր գագաթն է եւ սրբազան է համարվում կորեացիների համար: Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունը նշում է, որ նժույգով առաջնորդի լեռ բարձրանալը մեծ իրադարձություն է:
Առաջին անգամ չէ, որ Կիմ Չեն Ընն այցելում է 2750 մետր բարձրություն ունեցող լեռ: Վերլուծաբանների կարծիքով՝ այս քայլը նշանակում է, որ պաշտոնական Փհենյանից պետք է լուրջ հայտարարություններ սպասել:
Օրինակ՝ 2017 թվականին, Կիմ Չեն Ընն այցելել էր սրբազան լեռ իր ամանորյա ուղերձից մի քանի շաբաթ առաջ: Ուղերձում նա ակնարկել էր Հարավային Կորեայի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: