Ամերիկացի կինոդերասանուհի և նախկին ֆոտոմոդել Քեմերոն Դիասը հղի է իր առաջնեկով 47 տարեկան հասակում: Այս մասին պնդում է National Enquirer պարբերականը: «Քեմերոնը պարզապես փայլում է երջանկությունից»,- հաղորդել է ամսագրի աղբյուրը:
Դիասը և նրա ամուսինը՝ երաժիշտ Բենջի Մեդենը, երկար տարիներ փորձել են երեխա ունենալ, սակայն, տեսնելով, որ բնական ճանապարհով չի ստացվում, նրանք դիմել են մասնագիտացված կլինիկա, որտեղ հաջողությամբ անցել են արտամարմնային բեղմնավորման գործընթացը: «Այժմ Քեմերոնն անձնուրացորեն զբաղվում է տան հարդարանքով, մանկական հագուստներ է գնում, ինչպես նաև «Ինչ սպասել, երբ երեխայի եք սպասում» վերնագրով գիրք»,- պնդել է պարբերականի աղբյուրը: Նրան խորհուրդներով օգնում են մայրական հարուստ փորձ ունեցող դերասանուհի ընկերուհիները՝ Դրյու Բերիմորը և Նիկոլ Ռիչին, որն ամուսնացած է Բենջիի երկվորյակ եղբոր՝ Ջոել Մեդենի հետ:
Քեմերոնի՝ ժամանակին Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկի կարիերան վաղուց անկում է գրանցել: 2014-ից նա գործնականում չի նկարահանվում կինոյում: Սակայն Դիասը, որը հայտնի է «Դիմակ», «Չառլիի հրեշտակները», «Բոլորը խենթանում են Մերիի համար», «Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմերից, հայտարարել է, որ դեռևս չի պատրաստվում «թոշակի անցնել»: