հեռուստատեսություն մուտք գործել։ Կարծում եմ, որ դեռ մուտք էլ չեմ գործել, որովհետև հեռուստատեսությունն այն միջավայրն է, որտեղ ամեն վայրկյան աշխատելով՝ նոր աշխարհ ես քեզ համար բացահայտում, ամեն վայրկյան նորովի մուտք ես գործում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
- Նազենի, 13 տարի է՝հեռուստատեսությունում եք աշխատում։Այդ ճանապարհին, իհարկե, եղել են շատ դժվարություններ։Ի՞նչն է Ձեզ առաջ մղել։
- Չեմ կարծում, որ կա մի մասնագիտություն, որտեղ հաջողակ համարվող մարդու համար ամեն ինչ հեշտ է եղել։ Ընդհանրապես հեշտ բան չկա։ Ինձ առաջ են մղում հենց այդ դժվարությունները, որովհետև դրանց հետ մեկտեղ՝ դու ունես ինքնապահպանման բնազդ։ Դու ցանկանում ես ինչ-որ բանի հասնել, որը, որպես կանոն, առաջին հերթին՝ հետաքրքիր գործընթաց է։ Ցանկանում ես հետաքրքիր գործընթացի մեջ ներգրավված լինել։ Քո աշխատանքի և նպատակասլացության արդյունքն այն շնորհակալությունն է, որը լսում ես։ Տա՛ Աստված, միշտ արդյունքը լինի, բայց ինձ համար կարևոր է ողջ գործընթացը և այն, թե ինչո՞ւ և ինչպե՞ս եմ այդ աշխատանքն անում։
- Ինքնակրթվելու, կատարելագործվելու գործընթացը միշտ կա, չէ՞։
- Ես միշտ ասում եմ, որ մարդն իր ծնված օրվանից իր վրա աշխատում է։ Դերասանը, հաղորդավարը, շոու-բիզնեսի որևէ ներկայացուցիչ, բժիշկ և առհասարակ բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ իրենց վրա աշխատում են:
Պարզապես հաղորդավարական ասպարեզում կան բնորոշ դժվարություններ: Եթե, ենթադրենք, բժշկական ասպարեզում հնարավոր է գտնել սրտի վիրահատության նոր եղանակ և ապա պահպանել վիրահատության այդ ավանդույթը, ապա հաղորդավարության ասպարեզում, պահպանելով սկզբունքները' պետք է անընդհատ նոր բան ներկայացնել։ Որքան աշխարհը շարժվում է, փոխվում, նույնքան էլ մարդն է ամեն վայրկյան փոխվում։ Հաղորդավարը վայրկենական փոփոխության տեսանկյունից պետք է կարողանա փոխել այն մասնագիտությունը, որի կրողն է։ Հաղորդավարի դեպքում չկան հստակ կանոններ, որոնց պահպանելու կամ չպահպանելու դեպքում կարող ենք ասել՝ լավ կամ վատ հաղորդավար է։
Շատ-շատ անհատական մանրուքներ կան, որոնք պետք է հաշվի առնել։ Հաղորդավարական ասպարեզում ամենակարևոր գործոնը մարդն է, և ամեն մի նյուանս շեշտադրվում է այդ գործոնով: Առաջին հերթին՝ պետք է մարդ լինել, փորձել լինել հետաքրքիր, զարգացած, կրթված, և իմ կարծիքով՝ նաև բարի։ Կան պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր բարի չեն, և իրենց ներքին չարությունը միշտ եթերից զգացվում է։ Բարությունը' ստեղծելով ջերմ և ազատ միջավայր' հնարավորություն է տալիս դիմացինին անկեղծանալու։ Հաղորդավարությունը մարդակենտրոն մասնագիտություն է։
- Թվարկեցիք մի քանի հատկանիշներ։ Կարելի՞ է ասել, որ հենց այդ հատկանիշներիշնորհիվ է, որ Ձեզ շատ համերգներ, ծրագրեր են վստահում։
- Այս հարցին, թերևս, պետք է պատասխանի նա, ով վստահում է։ Մարդկանց մի մասը վստահում է անվանը, որը կերտել եմ այս տարիների ընթացքում: Կան մարդիկ, ովքեր վստահում են իմ եռանդուն աշխատասիրությանը, որովհետև իմ բոլոր թերություններով հանդերձ՝ ես դեռ չեմ դադարում ինքս ինձ վրա աշխատել։ Հաղորդում կամ ծրագիր վստահելու հարցում նաև ազդում է այն, որ ինձ համար ամեն աշխատանք հետաքրքիր է։ Իրականում ես տարբեր հաղորդումներ, համերգներ շատ ավելի քիչ եմ վարում, քան իմ գործընկերները' Ավետ Բարսեղյանը, Լուսինե Բադալյանը, Ժակը և այլք, բայց ինչ խոսք՝ ինձ համար միշտ շոյող է այն փաստը, որ մարդիկ ինձ են ֆիքսում, թեև իրականում այդքան շատ ծրագրերի չեմ մասնակցում, որքան թվում է. ես անգամ ամենօրյա հաղորդում չունեմ:
- Տարբեր ժամանակներում գլխավորել եք ամենանորաձև, ամենասեքսուալհայուհիների տասնյակը։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման բնորոշումներին։
- Սուտ կլինի ասել, թե անընդհատ հայտնվում եմ։ Այդ տասնյակն այսօր շատ գեղեցիկ մոդելներ, հանրահայտ գեղեցկուհիներ են գրավում, և ես երբեք չեմ հավակնել մոդել լինելու կամ հատուկ գեղեցիկ երևալու, բայց խնամված լինելը միշտ պարտադիր է։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, և շատ հաճելի է, որ մարդիկ ինձ որակում են նաև՝ որպես արտաքնապես գեղեցիկ կամ սեքսուալ։ Հայաստանում նորաձև կամ սեքսուալ երևալու համար հատուկ քայլեր անել չարժե, որովհետև փոքր երկիր լինելով' մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք։ Այստեղ կինը կա՛մ միշտ սիրված, գնահատված է, կա՛մ էլ շատ քարկոծված, ամեն դեպքում լավ է, որ կինը մեզ մոտ միշտ ուշադրության կենտրոնում է։
Մյուս կողմից էլ, իհարկե, ես ցանկանում եմ միշտ արտաքնապես ներկայանալի տեսք ունենալ, դա իմ աշխատանքի բաղկացուցիչ մասն է կազմում։ Ինչպես ներքին հիգիենայիդ ես հետևում, այնպես էլ քո արտաքինին պետք է հետևես։ Մեկն առանց մյուսի չի կարող լինել։ Հաճախ ինձ երիտասարդ աղջիկներ են դիմում և հարցնում, թե ինչպե՞ս կարելի է հաղորդավար դառնալ։ Պատասխանը սա է' hարցն այն չէ, թե ինչպիսի դիմագծեր կամ ինչ ֆինանսական հնարավորություններ ունեն, մաքրությունը, կոկիկությունն ու ներկայանալի տեսք ունենալը բոլորովին գումարի հետ կապ չունեն։ Ինքս երկար ժամանակ անցել եմ մի փուլով, երբ չկային դիզայներներ, հնարավորություններ և այլն, բայց միևնույն է, ես միշտ փորձում էի իմ փոքրիկ փորձերով ներկայանալի տեսք ունենալ։ Եվ առհասարակ ամենակարևոր բանն արտաքինից առավել՝ ներքին «տեսքն» է, բովանդակությունը, որը չի կարող չարտացոլվել արտաքինի մեջ:
- Համերգներին ներկայանում եք Ձե՞ր մոդելավորած հագուստով։
- Կան մի շարք զգեստներ և նաև սանրվածքներ, որոնց հեղինակը հենց ես եմ, բայց ես մեծ սիրով աշխատում եմ և՛ դիզայներների, և՛ վարսահարդարների, և՛ դիմահարդարների հետ, թեև, որպես կանոն, իմ մեջ գիտեմ' ինչ եմ ուզում: Դա շատ կարևոր է մարդու համար' ճանաչել ինքդ քեզ և հասկանալ' ինչ ես ուզում: Այն արտիստներին, որոնք այդքան էլ ինքնուրույն չեն այս հարցում, ես միշտ հորդորում եմ մասնագետի դիմել, որովհետև մենք ունենք շատ լավ դիզայներական դպրոց, հրաշալի դիմահարդարներ, վարսահարդարներ։ Եթե մենք անհաջող հարևաններով շրջափակված չլինեինք, ցանկացած հայ դիզայներ կարող էր հավակնել աշխարհահռչակ լինելուն։
- Հեռուստաեթերից այս կողմ միշտ ուրախ եք երևում, բայց բնական է, որ նաև տխրումեք…
- Ես շատ փակ ու չշփվող մարդ եմ։ Օր կա՝ լավն եմ, օր կա' վատը, օր կա' շփվող եմ, երազում եմ մարդկանց մասին, ցանկանում բոլորին օգնել, բայց օրեր էլ կան, որ ուզում եմ փախչել բոլորից և մեկուսանալ։
Հաղորդավարի գործը որքան հետաքրքիր է, նույնքան էլ' սթրեսային։ Սթրեսն իր հետ բերում է թախիծ, տխրություն, կորուստ։ Հաղորդավարն անընդհատ էներգիա է տալիս։ Ես փորձում եմ լցվել, կարդալ, եկեղեցի գնալ' հոգևոր սնունդ ստանալու, փորձում եմ լինել հասարակական ակտիվ մարդ, բայց աշխատում եմ, որ առկա ամենավատը, նեգատիվը չսողոսկի իմ մեջ, որովհետև դրանից հետո սկսում ես ներսից հուսահատվել, ու միակ լուծումը թվում է երկրից գնալը։ Հետո անալիզի ես ենթարկում և հասկանում, որ իրականում ուզում ես քեզնից փախչել։ Ես կարող եմ վստահեցնել, որ իմ շատ գործընկերներ նույն փաստի առջև են կանգնում, երբ անընդհատ աշխատում են, փորձում են անել այն, ինչ կարող են, նույնիսկ չեն կարող, բայց երբ հենց այնպես նեգատիվ են ստանում, սպանվում են։ Խոսքը մարդուն ավելի շատ է սպանում, քան զենքը։ Զենքով մեռած մարդու մահը միայն ֆիզիկական է, իսկ խոսքով սպանված մահը հոգևոր է, և, ցավոք սրտի, սպիացած վերքն անընդհատ արյունահոսում է։
- Փախչելուց ի՞նչն է ետ պահում' երաժշտությո՞ւնը, գրականությո՞ւնը…
- Գրականությունը… ես նման դեպքերում ավելի շատ մեկուսանալ եմ սիրում' չորս պատերը, ես և ոչ մի արտաքին ազդակ։
- Նազենի, ինչպե՞ս կբնորոշեք Ձեզ' ռեալիստ, իդեալիստ…
- Մի բառով դժվար կլինի բնորոշել։
- Ամեն դեպքում՝ երազելու կարողությունը երբեք չեք կորցնում…
- Առանց դրա մի վայրկյան էլ չեմ կարող ապրել։ Ես երազում եմ այն ապահով, բարեկեցիկ հայի մասին, որը կլինի կառուցող, շինարար, արվեստագետ, ստեղծագործող։ Փորփրում եմ պատմության էջերը ու փորձում գտնել հայի նման կերպար։ Պատմության ընթացքում մենք նման անհատներ շատ ենք ունեցել, բայց երբեք դա համակարգի չի վերածվել։ Փորձում եմ հասկանալ, թե որտեղ է այդ փուչ կետը, ինչո՞ւ այն, ինչ մենք կառուցում ենք, փլվում է։
Ես իդեալիստ-ռեալիստ եմ և երազող-գործող: Ես երազում եմ և, միևնույն ժամանակ՝ գործում: Հաճախ երազանքներն՝ անկախ իմ ցանկությունից, կատարվում են, իսկ այն, ինչը ես նպատակ եմ դնում, մեծ դժվարությամբ փորձում եմ դրան հասնել: Ես սիրում եմ ապրել և աշխատել, դրա մեջ մտնում է և՛ երազելը, և՛ ռեալիզմը, և՛ իդեալիզմը, և՛ ինքդ քեզ քննադատելը, նեղվելը, ուրախանալը… Ես անում եմ շատ և մաքսիմալ, սիրում եմ յուրաքանչյուր հարցին միանգամայն ամբողջական նվիրում:
- Մարդկային հարաբերություններում ի՞նչը երբեք չեք ների:
- Ես մի պատասխան ունեմ նման հարցադրմանը: Եզրույթն այսպիսին է' անուղղելի ոչ մի բան չկա, բացի մարդու կորստից: Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել, երբ քո ամենահարազատ մարդը՝ ճակատագրի բերումով կամ Աստծո կամոք, այլևս քո կողքին չէ: Դու միայն բանը, որ կարող ես անել, նրա համար աղոթելն է կամ ծաղիկներ տանելը, բայց վերադարձ չկա: Բայց երբ ամենահարազատ մարդը կարող է քո նկատմամբ սխալ թույլ տալ, ես միշտ պատրաստակամ եմ այդ սխալը հասկանալու: Մենք ներելու և չներելու իրավունք չունենք, մարդ է' սխալվել է, երբեք չեմ ասում, թե սխալվել է իմ նկատմամբ, այլ սխալվել է իր նկատմամբ: Բայց եթե երրորդ անգամ նա կրկին սխալվում է, ուրեմն նա այդպիսին է, և ուրեմն ես նրան ազատ եմ թողնում: Մի քանի անգամ կոտրված սիրտը էլ երբեք լիարժեք չի գործի:
- Իսկ անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն։
- Ես որդեգրել եմ այսպիսի սկզբունք' աշխատում ես հասարակության համար, և ամեն ինչ, որ ունես կյանքում՝ նրանն է, բացի քո ներանձնային կյանքից: Ես այդ ներանձնականը թողնում եմ ինձ, դա իմ միակ ունեցվածքն է: Աշխատում եմ հասարակությանը տալ դրական, գործնական, կառուցողական, մշակութային հղումներ, իսկ այն, ինչ կատարվում է իմ ներսում, միայն ինձ է վերաբերում:
- Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:
- Ես չեմ համարում, ես եմ: Այն, որ մի քանի վայրկյան անց կարող եմ ինչ-որ բանից նեղվել, չի նշանակում, որ դժբախտ եմ: Մենք վայրկյանի տակ դժվարություն են ունենում և ասում' ես դժբախտ եմ: Կարծում եմ' պետք է հավատքով մարդ լինել: Մենք ամեն օր արթնանալու, քայլելու, տեսնելու, շնչելու, գարնանային մաքուր օդը վայելելու հնարավորություն ունենք. սա արդեն երջանկություն է: Իհարկե, շատ են դժվարությունները, և որքան թվացյալ մեծ է հաջողությունը, այնքան հազարապատկվում է դժվարությունը, ընդ որում, հաջողությունդ տեսանելի է, դժվարությունն' անտեսանելի: Պետք է կարողանալ դրանք բալանսի բերել: Ես երջանիկ եմ նրանով, որ դեռ ուժ ունեմ դժվարությունները հաղթահարելու:
- Հետևո՞ւմ եք հասարակական պայքարին:
- Միշտ, անպայման, և շատ մեծ ցավով եմ լցվում: Ես կուզեի լինել հազար մասնիկ և միաժամանակ հասցնել լինել բոլոր տեղերում, կուզեի լինել կպցնող մածուկ և կպցնեի մեր հասարակության բոլոր տարանջատված մասնիկներին, կուզեի լինել օզոն ու մաքուր օդ ցողել բոլորիս վրա:
Կյանքը շատ կարճ է, և մարդն իր հզորությամբ հանդերձ՝ երբեմն շատ խղճուկ է, որովհետև կան նախախնամություն, ժամանակ, որը մեզնից զորեղ է, հանգամանքներ, որոնք, ցավոք սրտի, հաճախ մեզ դարձնում են ոչ այն, ինչ մենք կուզեինք: Այս տեսանկյունից, երբ նայում եմ, հասկանում եմ, որ հայի բարդությունը, դժվախտությունն իր անձի մեջ է: Եթե ես իմ մեջ ունեմ խնդրահարույց հատկանիշներ, պետք է դրանք ինքս շտկեմ: Ես' որպես քաղաքացի, հասարակական գործունեություն ծավալող մարդ, առաջնահերթ սկսում եմ ինձնից, իմ բարդույթներն արմատախիլ անելուց։ Յուրաքանչյուր քաղաքացիական շարժում մեծ հայելու պես է, որը հնարավորություն է տալիս տեսնելու թերի կողմերը և ինքդ քեզ վերանայելու:
Այս ամենից հետո ես ունեմ իմ հետևից ուրիշներին տանելու իրավունք: Հիմա քաղաքական տարբեր որակումներից փորձում եմ ձեռնպահ մնալ, որովհետև ինձ համար՝ որպես քաղաքացու, ցավալի է յուրաքանչյուրի ցավը, անհարմարությունը, հացադուլը, բողոքը, թուլությունը, կորուստը, կուրությունը և այլն: Ցավ է ամեն անդամի՝ ընդհանուրից անջատ լինելը:
- Դուք մեկ գաղափարի շուրջ համախմբվածություն տեսնո՞ւմ եք:
- Ես առհասարակ գաղափարը չեմ տեսնում: Ավետարանում ասված էր' «Կգա հոգու սով», և հիմա, ցավոք, հասել ենք այդ ժամանակաշրջանին, երբ կա հոգու սով: Պետք է փնտրել հայի արմատները, փորձել հասկանալ' ո՞վ է հայն իր ավանդույթներով, ո՞վ ենք մենք: Հաճախ չգիտենք' ինչպիսին են եղել մեր ավանդույթները, և ցավալի պատմական փաստ' մեր մեջ պառակտման սերմը միշտ է եղել: Այդ հիվանդությունն է պետք գտնել և բուժել: Ժամանակին ատոմը չէր տրոհվում, հետո մարդիկ գտան այն տրոհելու ձևը: Այստեղից էլ սկսվեցին մարդու դժբախտությունները, որովհետև գուցե այն, ինչը չպետք է տրոհել, պետք չէր տրոհել:
- Որպես դրական ավարտ՝ ի՞նչ կասեք:
- Ես ուրախ եմ, որ կա արտերկրում ապրող հայը, որը ցավում է իր երկրի համար, ուրախ եմ, որ Հայաստանում կա իր երկրի համար ցավող հայը, բայց ես ուզում եմ ասել, որ եթե Հայաստան չլինի, հայը չի լինի: Հայն առանց Հայաստանի՝ ենթակա է ոչնչացման:
Մեր մեջ հիվանդությունները շատ են, և դրանք պետք է հիվանդի գիտակցությամբ բուժվեն: Նախքան որևէ մեկին խոցելն ու վիրավորելը, պետք է հասկանանք, որ դրանով ոչ միայն հարցին լուծում չենք տալիս, այլև ընդհակառակն՝ վատթարացնում ենք մարդու վիճակը:Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ բացարձակ ընդդիմադիր քաղաքական ուժեր քաղաքակիրթ կերպով միմյանց հետ շփվելով՝ փորձում են գտնել մի ընդհանուր ուղի: Սա պետք է լինի միակ ճանապարհը: Այն օրը, երբ հայը կարողանա քաղաքակիրթ և հանդուրժող լինել առաջին հերթին՝ մեկը մյուսի նկատմամբ, իրար օգնել և ոչ թե միմյանց հաշվին ինքնահաստատվել, ամեն խնդիր կլուծվի: Մարդուն տրվում է մի կյանք' անցյալի և ապագայի միջև ընկած մի ժամանակահատված, որը մենք կոչում ենք ներկա: Կարևոր է, թե ինչպես ես ապրում այդ ներկան, ինչ հետք ես թողնում: Ես ուզում եմ, որ հայի հետքը պատմության մեջ լինի արարչական և գեղեցիկ: Ահա սա եմ մեզ մաղթում: