Թարմ քամված հյութերը դատարկ ստամոքսին խմելը լավ գաղափար չէ, ասում են գաստրոէնտերոլոգները։ Բանն այն է, որ այդ հյութերը պարունակում են թթուների բարձր խտություն, որոնք կարող են առաջ բերել ստամոքսի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի խնդիրներ։

Երբեմն սոված փորին մեկ-երկու անգամ հյութ խմելը կարող է բավական լինել, որպեսզի սրվեն աղեստամոքսային քրոնիկական հիվանդությունները։

Ջրով չբացված հյութեր խմելը նույնպես լավ գաղափար չէ այդ նույն պատճառով. ջուրը մեղմում է հյութի ազդեցությունը աղեստամոքսային համակարգի վրա, իսկ չջրիկացված հյութը շատ ավելի ագրեսիվ է։

Յուրացման համար ամենադժվարներից մեկը համարվում է թարմ քամված բազուկի հյութը, քանի որ դրանում պարունակվում է ակտիվ նյութերի բարձր քանակություն։ Ուստի, անմիջապես քամելուց հետո այն խմել չարժե, մարսողությունը կարող է պարզապես «գլուխ չհանել»։ Քամելուց հետո հյութը պետք է ֆերմենտացվի, դրա համար այն պետք է պահել սառնարանում մեկ-երկու ժամ։

Բացի այդ, բազուկի հյութը կարող է առաջ բերել կանանց մոտ ցիստիտի սրացում, երիկամներում քարերի առաջացում։ Նույն էֆեկտը կարող է առաջանալ լոլիկի և այլ հյութերից, որոնք հարուստ են վիտամին С-ով։

Խնձորի հյութի օգտագործումը, մասնագետների խոսքով, կարող է առաջ բերել կեչու փոշու հանդեպ ալերգիա ունեցող մարդկանց խաչաձև ալերգիա։

Իսկ ահա թուրինջի հյութը կարող է անվտանգ չլինել որոշ դեղերի ընդունման պարագայում։ Բանն այն է, որ դրանում պարունակվող նյութերը (ֆուրանոկումարիններ և ֆլավոնոիդներ) արգելակում են լյարդի՝ դեղերի մեծ քանակության նյութափոխանակությանը մասնակցող ֆերմենտի աշխատանքը։ Դրա հետևանքով օրգանիզմում բարձրանում է դեղերի խտությունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ առողջական վիճակի վրա։

Մասնագետների խոսքով՝ օրական կարելի է խմել 150 մլ-ից ոչ ավելի թարմ քամված և ջրով չբացված հյութ։ Փորձագետները նաև խորհուրդ չեն տալիս խմել ավելի քան 3 բաղադրիչից բաղկացած հյութեր։

med.news.am