Կանանց խորհուրդ չի տրվում շատ կարտոֆիլ ուտել. ինչպես պարզել են Հարվարդի համալսարանի գիտնականները, նրանց մոտ, ովքեր չարաշահում են կարտոֆիլը, բարձրանում է 2-րդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը։

Մասնագետներն ուսումնասիրել են 20 տարում հավաքված 84 հազար 555 կանանց տվյալները։ Պարզվել է, որ սերը կարտոֆիլով ուտելիքների հանդեպ կարող է 14 տոկոսով բարձրացնել դիաբետի առաջացման վտանգը։ Իսկ նրանց մոտ, ովքեր հաճախ տապակած կարտոֆիլ են կերել, դիաբետի վտանգն ավելացել է 21 տոկոսով։

Գիտնականները նաեւ նշել են, որ կարտոֆիլի պատճառով դիաբետով հիվանդանալու վտանգին հատկապես ենթարկված են ավելորդ քաշ ունեցող կանայք, եւ որքան մեծ է ավելորդ քաշը, այնքան բարձր է դիաբետի առաջացման վտանգը։

Կարտոֆիլն ինքնին վնասակար չէ, այն պարունակում է օգտակար հանքանյութեր եւ խորհուրդ է տրվում սրտի եւ երիկամների խանգարումներ ունեցող մարդկանց։ Միեւնույն ժամանակ, ընդգծում են մասնագետները, կարտոֆիլն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս, ինչը նշանակում է, որ դրա կիրառումից հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրանում է։ Եթե հաճախ ուտեք այնպիսի մթերքներ, որոնք նպաստում են գլյուկոզայի մակարդակի այսպիսի բարձրացմանը, դա կարող է հանգեցնել այն մեխանիզմների խախտմանը, որոնք պատասխանատու են հյուսվածքների կողմից գլյուկոզայի յուրացմանը, ինչն իր հերթին կբարձրացնի դիաբետի առաջացման վտանգը։

med.news.am