Լիթիումիոնային մարտկոցները թույլ են տալիս մեկուկես ժամվա ընթացքում ամբողջությամբ լիցքավորել սմարթֆոնները, եթե սարքն օգտագործում է արագ լիցքավորում: Գրաֆենի մարտկոցը կարող է նվազեցնել այս ցուցանիշը մինչև 30 րոպեի:
Հաջորդ երկու տարում Samsung-ը նախատեսում է թողարկել սմարթֆոն' նոր տեսակի մարտկոցով, որը պատրաստված է գրաֆենով' մեկ ատոմի հաստությամբ գրաֆիտային շերտով: Այս մասին հայտնել է ինսայդեր Էվան Բլասն իր թվիթերյան էջում:
«Ինչպես ինձ ասացին, Samsung-ը հույս ունի թողարկել առնվազն մեկ գադջետ, որը կգործի գրաֆենի մարտկոցով 2020 կամ 2021 թվականներին»,- գրել է Բլասը:
Այժմ արտադրողին անհրաժեշտ է հասնել ճիշտ հավասարակշռության սարքի հզորության և դրա արտադրության համար ավելի ցածր ծախսերի միջև:
Գրաֆենն էլեկտրականությունը փոխանցում է 100 անգամ ավելի արդյունավետ, քան պղինձը: Բացի այդ, նոր մարտկոցներում էներգիայի փոխանցման արագությունը 140 անգամ ավելի բարձր է, քան սիլիկոնը, ինչը գրաֆենը դարձնում է իդեալական նյութ արագ լիցքավորման համար:
2004 թվականին ցուցադրվեց գրաֆենի առաջին շերտը, դրանից հետո մասնագետներն անում են ամեն բան՝ այս տեխնոլոգիան զարգացնելու և մասսայական թողարկելու համար:
Գրաֆենը համարվում է ածխածնի (կամ պինդ նյութի) միակ ձևը, որի ամեն մի ատոմ քիմիական ռեակցիայի համար հասանելի է երկու կողմերին: Գրաֆենի շերտի եզրերում ատոմներն ունեն հատուկ քիմիական ակտիվություն: Շերտի թերությունները մեծացնում են քիմիական ակտիվությունը:
Գրաֆենն այրվում է շատ ցածր ջերմաստիճանում (օրինակ՝ 350°C(620Կ)): Սթենֆորդի համալսարանի քիմիկոսները 2013 թվականին հաղորդեցին, որ միաշերտ գրաֆենում քիմիական ակտիվությունը 100 անգամ ավելի շատ է, քան հաստ շերտում:
Samsung-ը հայտարարել էր գրաֆենային մարտկոցների մշակման մասին դեռևս 2017 թվականին: Այնուհետև ընկերությունն ասաց, որ այս տեխնոլոգիան կնվազեցնի մարտկոցի լիցքավորման ժամանակը մինչև 12 րոպե: