Այրին հավաքել է ինքնասպանություն գործած իր ամուսնու սերմնահեղուկը, որպեսզի նրանից երեխա ունենա: Ավստրալուհի Ջերմայմա Մոյլանն այրիացել է, երբ նրա 27-ամյա ամուսին Սեբաստիանն ինքնասպանություն է գործել: Կինը, որը միշտ երազել էր երեխաներ ունենալ, դիմել է դատարան՝ մահացածի սերմնահեղուկը հավաքելու թույլտվություն ստանալու համար, հայտնում է The Sun-ը:
Դատարանը տվել է տարօրինակ խնդրանքի թույլտվությունը: Կինն ընդամենը 24 ժամ է ունեցել կենսաբանական նյութը ստանալու համար. դրանից հետո արդեն անհնար կլիներ: Մահացածի սերմնահեղուկն օգտագործելու համար Ջերմայման 10 տարի ժամանակ կունենա, բայց դրա համար նա նույնպես պետք է դատարանի թույլտվություն ունենա:
«Դա ինձ հանգստություն և որոշակի հույս է ներշնչում: Նա միակ տղամարդն էր, ումից ես երբևէ ցանկացել եմ երեխաներ ունենալ: Նա լավագույն հայր կլիներ: Նրա ապագա որդին կամ դուստրը կիմանան, թե ինչպիսին էր նա»,- ասել է այրին:
Նրա եղբայրն արշավ է կազմակերպել՝ իր քրոջ արհեստական բեղմնավորման համար միջոցներ հավաքելու համար:
Սեբաստիանն ու Ջերմայման ամուսնացել էին 2015 թ.-ին և նախատեսում էին երեխա ունենալ 2020 թ.-ին: Տղամարդը տառապում էր ընկճախտով՝ 2018-ին իր հոր մահվանից հետո: