13:36
7 նշան, որ ձեր հարաբերությունների ապագան մեծ հարցականի տակ է

Կան որոշակի բաներ, առանց որոնց հարաբերությունները պարզապես չեն կարող գոյություն ունենալ։ Արժե՞ արդյոք կառչել այդպիսի հարաբերություններից։ Ահա այն հարաբերությունների նկարագրությունը, որոնք, ամենայն հավանականությամբ, ապագա չունեն։

  1. Ձեր զուգընկերը ձեզ չի ընդունում այնպիսին, ինչպիսին որ դուք կաք

Ընդունումը երկարատև հարաբերությունների հիմքն է։ Լավ զուգընկերն այն մարդն է, ով ձեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին որ դուք կաք իրականում։ Նա չի աշխատում ձեզ փոխել կատարյալ զուգընկերոջ իր պատկերացումներին համապատասխան։

Մեզնից յուրաքանչյուրն ունի թե առավելություններ, և թե թերություններ։ Զուգընկերը, ում վրա արժե հենվել, ձեզ կընդունի՝ ձեր բոլոր թերություններով հանդերձ։ Նա բոլորովին էլ պարտավոր չէ պաշտել այն ամենը, ինչը կարևոր է ձեզ համար։ Գլխավորն այն է, որ նա ձեզ չմեղադրի այն ամենի համար, ինչը դուք եք սիրում։

Եթե դուք ուզում եք պահպանել ձեր հարաբերությունները, կարևոր է կարողանալ հարգել ու ընդունել երկրորդ կեսի ընտրությունը։ Եթե ձեր զուգընկերն անընդհատ նյարդայնանում է ու քննադատում ձեզ, դրան արժե ուշադրություն դարձնել։ Խնդիրը կարող է վերաբերել նույնիսկ մանրուքներին՝ հագուստի ոճին, շփման ոճին ու այլ բաների։ Ամեն դեպքում դրանք տագնապային ահազանգեր են։

  1. Ձեր զուգընկերը չի կարեկցում ու չի հասկանում ձեզ

Հարաբերությունները հիմնվում են ոչ միայն լավ պահերի վրա, որը դուք կիսում եք այլ մարդու հետ։ Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր բախվում է սթրեսի ու զանազան խնդիրների հետ։

Մեզ մոտ աշխատավայրում դժվար օրեր են լինում։ Մենք կարող ենք հիվանդանալ կամ սնանկանալ։ Ձեր սրտացավ զուգընկերը այդպիսի պահերին պետք է կարեկցի ու աջակցի ձեզ ու աշխատի օգնել։ Նա չի նյարդայնանա կամ անտեսի ձեզ։

Եթե ձեր զուգընկերը ձեզ չի աջակցում ձեր կյանքի դժվարին պահերին, ապա դա ամենաակնհայտ այն նշաններից է, որ ձեր հարաբերություններն ապագա չունեն։

  1. Դուք ձեզ միայնակ եք զգում

Նորմալ է, երբ դուք ձեզ միայնակ եք զգում, երբ զուգընկեր չունեք, բայց եթե դուք միայնակ եք ձեզ զգում հարաբերությունների մեջ, ուրեմն դուք մտահոգվելու բան ունեք։

Օրինակ, երբ դուք ձեր զուգընկերոջ հետ ուզում եք ինչ-որ կարևոր բանի մասին խոսել, բայց նա երբեք ժամանակ չունի դրա համար։ Նա ձեզ չի աջակցում ծանր պահերին։ Այդպիսի հարաբերություններում դուք հաճախ ձեզ սարսափելի միայնակ եք զգում ու հասկանում եք, որ ձեր միջև բացակայում է էմոցիոնալ կապը։

  1. Դուք ձեր զուգընկերոջ հետ միևնույն ալիքի վրա չեք գտնվում

Եթե դուք և ձեր զուգընկերը չեք գտնվում միևնույն ալիքի վրա, ապա հարաբերություններում դուք անխուսափելիորեն կբախվեք խնդիրների հետ։ Ենթադրենք, ձեր զուգընկերը ցանկանում է ճանապարհորդել ողջ աշխարհով մեկ, իսկ դուք անհաղթահարելի ցանկություն ունեք ամառանոցային տուն գնել ու հիմնավորվել մի տեղում։

Եթե դուք զգում եք, որ ձեր միջև հասունացել է լուրջ անհասկացվածություն, ուրեմն ժամանակն է նստել ու քննարկել ձեր հարաբերությունների ապագան։

  1. Հարաբերությունները վերածվել են միակողմանի երթևեկությամբ ճանապարհի

Որպես կանոն՝ սկզբում հարաբերություններն այդպիսին չեն լինում, դրանք այդպիսին են դառնում դրանց ավարտին։

Սերը պահպանելու համար անհրաժեշտ է երկուսով աշխատել հարաբերությունների վրա։ Խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ զուգընկերներից մեկը միայն տալիս է կամ վերցնում։

Հարաբերությունները պահպանելու համար երկու զուգընկերներն էլ պետք է գնան որոշակի զոհողությունների։ Եթե մեկը չափից շատ տալիս է, իսկ մյուսը ոչինչ չի անում, ապա դա նշան է, որ ձեր միության ապագան մեծ հարցականի տակ է։

  1. Դուք չեք վստահում միմյանց

Վստահությունը հարաբերությունների ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Եթե դուք չեք կարողանում լիովին վստահել ձեր զուգընկերոջը, անընդհատ ստուգում եք հեռախոսային զանգերն ու հաղորդագրությունները, ձեզ չի լքում այն միտքը, որ ձեզ դավաճանում են, ուրեմն այդ դեպքում հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ եք դուք անում այդ մարդու կողքին։

Եթե դուք չեք վստահում մարդուն, ապա չարժե մնալ նրա հետ ու կառչել այդ անօգուտ հարաբերություններից, կամ էլ սովորեք վստահել նրան։

  1. Դուք այլևս ոչ մի մոտիվացիա չունեք հարաբերությունների վրա աշխատելու համար

Հնարավոր չէ կյանք ու շունչ մտցնել հարաբերությունների մեջ, որոնք արդեն վաղուց մեռած են։ Կայծը վաղուց արդեն մարել է, ու զուգընկերոջ հետ ժամանակ անցկացնելու հեռանկարը ձեզ ձանձրացնում է։

Որոշ մարդիկ վախենում են հարաբերությունների ավարտը հայտարարել։ Մի մասը մեղավոր է զգում իրեն այն բանի համար, որ զուգընկերոջը ցավ է պատճառում, ուրիշներն էլ վախենում են միայնակ մնալուց։ Բայց ավելի լավ է միայնակ մնալ, քան ողջ ուժերով կառչել վաղուց իրեն սպառած հարաբերություններից։

Մի մոռացեք ձեր երկրորդ կեսի հետ խոսել ձեր զգացմունքների մասին։ Նախքան վերջնական որոշում կայացնելը փորձեք փրկել այդ հարաբերությունները։ Սերը հիանալի բան է, բայց երբեմն՝ բարդ։ Եթե դուք իսկապես սիրում եք, ձեր ապագայի համար արժե պայքարել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը


Առաջարկում ենք նաև
Լրահոս