Ձեզ ենք ներկայացնում մի գեղեցիկ պատմություն այն մասին, թե ինչու է մահը սովորաբար գերանդիով գալիս։
— Դուք դարբի՞ն եք։
Ձայնը այնքան անսպասելի հնչեց, որ Վասիլին նույնիսկ վեր թռավ։ Նա չէր նկատել, որ ինչ–որ մեկը արհեստանոց էր մտել։
—Կարելի էր դուռը թակել, չէ՞,– կոպիտ ասաց նա։
—Թակե՞լ, հըմ, չեմ փորձել, – պատասխանեց կանացի ձայնը։
Վասիլին, մտքում պատրաստելով կշտամբանքի խոսքերը, կտրուկ շուռ եկավ, բայց խոսքերն այդպես էլ մնացին մտքում, քանի որ նրա առջև չափազանց արտասովոր հաճախորդ էր կանգնած։
—Կներեք, չէի՞ք կարող ուղղել գերանդիս,– կանացի, բայց թեթևակի խռպոտ ձայնով հարցրեց հյուրը։
Վերջ, հա՞, սա վե՞րջն է,– հոգոց քաշեց դարբինը։
Դեռ վերջը չէ, բայց շատ ավելի վատ է, քան առաջ էր,– պատասխանեց Մահը։
–Տրամաբանական է,– համաձայնեց Վասիլին,– չեմ վիճի։ Հիմա ի՞նչ պետք է անեմ։
—Ուղղիր գերանդին,– համբերատար կրկնեց Մահը։
—Բա հետո՞։
—Իսկ հետո սրիր, եթե դա հնարավոր է։
Վասիլին մի հայացք ձգեց գերանդիի վրա։ Իրոք որ, շեղբի վրա քերծվածքներ կային և անհարթ էր։
—Դա հասկանալի է, բայց ես ի՞նչ անեմ՝ աղոթե՞մ, թե իրերս կապեմ, ուղղակի առաջին անգամն է, այսպես ասած…
—Հաաա, դուք դրա մասին եք,– Մահվան ուսերը ծիծաղից սկսեցին թափահարվել,– չէ՜, ես ձեր հետևից չեմ եկել։ Ուղղակի գերանդիս է պետք կարգի բերել։ Կարո՞ղ եք։
—Այսինքն, ես չե՞մ մեռել,– իրեն աննկատ կսմթելով հարցրեց դարբինը։
—Դուք ավելի լավ կիմանաք։ Ինչպե՞ս եք ձեզ զգում։
—Դե, կարծես թե նորմալ։
—Սրտխառնոց, գլխապտույտ, ցավեր չունե՞ք։
—Չէ-է-է,– անվստահ արտաբերեց դարբինը։
—Դե, էդ դեպքում անհանգստանալու ոչինչ չունեք,– պատասխանեց մահը և նրան մեկնեց գերանդին։
Վերցնելով այն իր մի ակնթարթում փայտացած ձեռքերի մեջ՝ Վիտալին սկսեց բոլոր կողմերից ուսումնասիրել այն։ Մոտ կես ժամվա գործ էր, բայց միայն այն միտքը, թե ով է նստելու իր մեջքի հետևում և սպասի, թե երբ է ավարտելու իր գործը, ավտոմատ կերպով երկարացնում էր ժամկետը առնվազն մի քանի ժամով։
—Նստեք, հո կանգնած չե՞ք մնալու,– իր ձայնին հնարավորինս հյուրընկալություն և սիրալիրություն տալով առաջարկեց Վիտալին։
Մահը գլխով արեց և նստեց նստարանին՝ մեջքով հենվելով պատին։
Գործն ավարտին էր մոտենում։ Հնարավորինս ուղղելով գերանդիի շեղբը՝ դարբինը ձեռքը վերցրեց սրոցաքարը և նայեց հյուրին.
—Իհարկե կներեք ինձ անկեղծության համար, բայց պարզապես հավատս չի գալիս, որ ձեռքերումս մի իր եմ պահում, որն այդքան կյանքեր է խլել։ Աշխարհում ոչ մի զենք չի կարող համեմատվել սրա հետ, սա իրոք անհավատալի է։
Մահը, որ անբռնազբոս դիրքով նստած էր նստարանին և ուսումնասիրում էր արհեստանոցի ինտերիերը, մի տեսակ նկատելիորեն ձգվեց։ Նա շուռ եկավ դեպի դարբինը։
—Ինչ ասացի՞ք,– կամաց ձայնով հարցրեց նա։
—Ես ասացի, որ հավատս չի գալիս, որ ձեռքումս մի զենք եմ պահել, որը…
—Դուք ասացիք զե՞նք։
—Միգուցե ես սխալ արտահայտվեցի, պարզապես…
Վասիլին չհասցրեց ավարտին հասցնել խոսքը։ Մահը կայծակնային արագությամբ տեղից վեր ցատկեց և մի ակնթարթից հայտնվեց ուղիղ դարբնի դիմաց։ Նրա գլխանոցի ծայրերը թեթև տարուբերվում էին։
—Ի՞նչ ես կարծում, քանի՞ մարդ եմ ես սպանել,– շշնջաց նա ատամների միջից։
–Ես, ես չգիտեմ,– հայացքը գետնին հառելով մի կերպ արտաբերեց Վասիլին։
–Պատասխանիր,– Մահը բռնեց նրան կզակից և գլուխը վեր բարձրացրեց,– քանիսի՞ն։
—Չը–ը–գիտեմ…
—Քանիսի՞ն,– արդեն գոռալով կրկին հարցրեց Մահը։
—Դե ես ինչ իմանամ՝ քանիսն են եղել,– փորձելով փախցնել հայացքը՝ անբնական ձայնով շշնջաց Վասիլին։
Մահը բաց թողեց նրա կզակը և մի քանի վայրկյան լուռ մնաց։ Հետո կծկված նա վերադարձավ նստարանին և, խորը շունչ քաշելով, նստեց։
—Ուրեմն չգիտես, թե քանիսն են եղել,– ցածր ձայնով ասաց նա և, չսպասելով պատասխանին, շարունակեց,– իսկ ի՞նչ կասես, եթե ես քեզ ասեմ, որ ես երբեք, լսու՞մ ես, երբեք ոչ ոքի չեմ սպանել։ Դրա՞ն ինչ կասես։
—Բայց…Ինչպե՞ս թե։
—Ես երբեք մարդկանց չեմ սպանել։ Ինչիս է դա պետք, եթե այդ առաքելությունը դուք ինքներդ հրաշալի կերպով կատարում եք։ Դուք, դուք կարող եք սպանել հանուն թղթի կտորի, հանուն ձեր չարության և նախանձի, դուք կարող եք նույնիսկ հենց այնպես սպանել, զվարճանքի համար։ Իսկ երբ դա էլ արդեն ձեզ չի բավարարում, դուք պատերազմներ եք հրահրում և հարյուրներով ու հազարներով սպանում եք իրար։ Ձեզ պարզապես դա դուր է գալիս, դուք կախվածություն ունեք ուրիշի արյունից։ Եվ գիտե՞ս ինչն է ամենազզվելին, որ դուք չեք կարողանում դա ինքներդ ձեզ խոստովանել։ Ձեզ համար ավելի հեշտ է այդ ամենում ինձ մեղադրելը,– նա մի պահ լռեց,– դու գիտե՞ս, թե ինչպիսին էի ես առաջ։ Ես գեղեցիկ աղջիկ էի, ես դիմավորում էի մարդկանց հոգիները ծաղիկներով և ճանապարհում էի նրանց այնտեղ, որտեղ որ նրանք պետք է լինեին։ Ես ժպտում էի նրանց և օգնում էի մոռանալ, թե ինչ է եղել իրենց հետ։ Դա շատ վաղուց էր… Տես, թե ինչ եմ հիմա դարձել։ Վերջին բառերը նա պարզապես բղավելով արտաբերեց և, նստարանից ցատկելով, գլխից շպրտեց գլխանոցը։
Վասիլիի աչքերի առաջ հառնեց ծեր կնոջ՝ կնճիռներով ծածկված դեմքը։ Նոսր սպիտակ մազերը խառնված կախված էին փնջերով, ճաքած շրթունքների անկյունները անբնական իջած էին՝ մերկացնելով ներքևի ատամները, որոնք ծուռ ու մուռ դուրս էին նայում շրթունքի տակից։
Բայց ամենասարսափելին նրա աչքերն էին։ Բացարձակ անփայլ, ոչինչ չարտահայտող աչքերը պլշած նայում էին դարբնին։
—Նայիր, թե ինչի եմ ես վերածվել։ Իսկ գիտե՞ս, թե ինչու,– նա քայլ արեց դեպի Վասիլին։
—Ոչ,– կծկվելով գլուխը տարուբերեց նա։
—Իհարկե չգիտես,– քմծիծաղ տվեց նա, – այդ դուք եք ինձ այսպիսին դարձրել։ Ես տեսել եմ, թե ինչպես է մայրը սպանում երեխաներին, ես տեսել եմ, թե ինչպես է եղբայրը սպանում եղբորը, ես տեսել եմ, թե ինչպես է մարդը մեկ օրվա մեջ հարյուրավոր ուրիշ մարդկանց սպանում։ Ես հեծկլտում էի, այդ ամենը տեսնելով, ես գոռում էի սարսափից…
Մահվան աչքերը փայլեցին։
—Ես փոխեցի իմ գեղեցիկ շորը այս սև հագուստով, որպեսզի նրա վրա չերևան մարդկանց արյունները, որոնց ես ճանապարհում եմ։ Ես հագա գլխանոցը, որպեսզի մարդիկ չտեսնեն իմ արցունքները։ Ես այլևս ծաղիկներ չեմ նվիրում նրանց։ Դուք ինձ հրեշի վերածեցիք։ Իսկ հետո մեղադրեցիք ինձ բոլոր մեղքերի մեջ։ Դե իհարկե, դա այնքան հեշտ է, ես ճանապարհում եմ ձեզ, ես ցույց եմ տալիս ճանապարհը, ես չեմ սպանում մարդկանց… Հիմարի մեկը, տուր ինձ գերանդիս։
Դարբնի ձեռքից պոկելով իր զենքը՝ Մահը շրջվեց և քայլերն ուղղեց դեպի արհեստանոցի դուռը։
—Մի հարց կարելի՞ է,– լսվեց հետևից դարբնի ձայնը։
—Դու ուզում ես հարցնել, թե ինչիս է պետք գերանդի՞ն,– կանգնելով բաց դռան առաջ, առանց շրջվելու, հարցրեց նա։
—Այո։
—Դրախտի ճանապարհը… Այն վաղուց ծածկվել է բարձր խոտերով…