Կինոարտադրության մասին IndieWire հրատարակության հեղինակները կազմել են 100 լավագույն ֆիլմերի ցանկը, որոնք նկարահանվել են վերջին 10 տարիների ընթացքում։ Ցանկում են հայտնվել եվրոպական, ամերիկյան եւ ասիական ռեժիսորների աշխատանքները։

Լավագույնն է ճանաչվել Բարի Ջենկինսի «Լուսնի լույսը» ֆիլմը, որը երեք «Օսկար»-ի է արժանացել։ Նշվում է, որ հենց այդ աշխատանքն է մեծ ազդեցություն ունեցել ամերիկյան կինոարտադրության վրա, ինչպես նաեւ ցույց է տվել «հազվադեպ ունակությունը բարձր հայտարարություն անել փոքրիկ ժեստերի միջոցով։

Երկրորդ հորիզոնականում է Ջոնաթան Գլեյզերի «Եղիր իմ մաշկի մեջ» ֆիլմը, որի գլխավոր դերում է Սքարլեթ Յոհանսոնը։ Ըստ սյուժեի՝ երկրային աղջկա կերպարանքով այլմոլորակայինը «որսում է» երկրային տղամարդկանց. հարբեցնում է նրանց ու ուղարկում իր ցեղակիցներին, որոնք նրանցից ուտելիք են պատրաստվում։ Սակայն նա սկսում է ավելի շատ հետաքրքրվել Երկրով ու նրա բնակիչներով եւ համակրել նրանց։  

Եռյակը եզրափակում է իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմը։ Դրա գլխավոր հերոս Ջեյմսը՝ բրիտանացի գրող, Իտալիա է ժամանում կոնֆերանսի, որը նվիրված է արվեստում բնօրինակների ու պատճենների խնդրին։ Այնտեղ նա ծանոթանում է ֆրանսուհու հետ, որը նկարների պատկերասրահ ունի եւ ձեւացնում է, թե հեղինակն իր՝ մասամբ բացակայող ամուսինն է։ Գրողը խաղակցում է հրաշալի կնոջը, սակայն այդ անմեղ խաղը շուտով վտանգավոր է դառնում։

Առաջին տասնյակում ներառված են նաեւ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Սուրբ շարժիչներ» կորպորացիան», «Քերոլ», «Վարպետը», «Խելագար Մաքս. զայրույթի ճանապարհը» եւ «Լեդի Բըրդ»։

 

style.news.am