Մաստակ ծամելն այն բացառիկ սովորություններից է, որ մեզ հետ է մնում կյանքի ցանկացած փուլում, անկախ տարիքից, մասնագիտությունից ու ստատուսից:

Մաստակը պետք է ծամել ուտելուց հետո միայն, և այն էլ 10-15 րոպեից ոչ ավել, քանի որ այն կարող է առաջացնել կախվածություն, ինչպես ցանկացած այլ վնասակար սովորություն, բացի դրանից, պատկերացնենք, որ 15 րոպե հետո ծամում եք Ձեր բերանից հավաքված թափոն մանրէներից և սննդի մնացորդներից ձևավորվածը։

Չարաշահելու ժամանակ, կարող են առաջանալ մի շարք խնդիրներ՝ ատամների, ծնոտների, քունքստործնոտային հոդի, ստամոքսի հետ, ինչպես նաև անընդհատ ծամելու գործողությունը կարող է ուղեկցվել գլխացավով։

Վնասակար ազդեցությունները պայմանավորված են հետևյալով՝ քաղցած վիճակում մաստակ օգտագործելուց արտադրվում է ստամոքսահյութ, որը չհանդիպելով սնունդ ստամոքսում սկսում է վնասել ստամոքսի պատերը, ինչպես նաև ուժեղացնում է քաղցի զգացողությունը։
Ինչ վերաբերվում է ատամներին և հոդին, ծամելու ընթացքում մկանները նույն շարժումն կատարելուց «հոգնում են», ինչպես նաև խախտում հոդի նորմալ շարժումները։

Այսպիսով, մաստակը վնասակար չէ ինքնին, սակայն այն պետք է ճիշտ օգտագործել և չչարաշահել՝ օգտագործել միայն սնունդ օգտագործելուց հետո և ոչ ավելին քան 15 րոպե։ 
Բերանից հանած մաստակը երբեք չի կարելի կրկին ծամել: Դա ոչ միայն տհաճ է, այլև հակահիգիենիկ:

Ծնողներին խորհուրդ է տրվում ուշադիր հետևել երեխաներին` արգելել ձեռքերով խաղալ մաստակի հետ և այն կրկին ծամել:

 

 

 

 

 

 

 

Բժիշկ Դավիթ Մեհրաբյանի ֆեյսբուքյան էջից