Բրիտանական Jaguar Land Rover մեքենաշինական ընկերությունը Լոնդոնում ներկայացրել է նոր Range Rover Evoque-ը, որը հասանելի կլինի ուժային համակարգի մի քանի տարբերակով՝ 48 վոլտ հզորությամբ MHEV հիբրիդային, PHEV հիբրիդային, ինչպես նաև՝ եռագլան ու քառագլան բենզինային ու դիզելային Ingenium շարժիչներով, հայտնում է lenta.ru-ն: 


Մեքենայի առանձնահատկություններից մեկն այն է, որ լյուքս դասի փոխադրամիջոցն աշխարհում առաջինն է համալրվել ClearSight Ground View տեխնոլոգիայով: Այն վարորդին 180 աստիճանով տարածական վիրտուալ տեսադաշտն ուսումնասիրելու հնարավորություն է տալիս:

 



Բացի այդ, հետին պատկերը տեսնելու հայելին կարող է տեսաէկրանի վերափոխվել: Հատուկ տեսախցիկը թույլ է տալիս տեսնել՝ ինչ է կատարվում մեքենայի հետևում, նույնիսկ եթե հետևի նստատեղերին ուղևորներ են նստած:

 



Մեքենայի մյուս առանձնահատկությունը Smart Settings տեխնոլոգիան է, որը վերլուծում է վարորդի  սովորությունները: Համակարգը «զգում» է վարորդի մոտենալն ու նստատեղի, ղեկի դիրքերը կարգավորում է ըստ նախապես տրված հրահանգի: Մի քանի երթից հետո մեքենան արդեն «հիշում» է վարորդի նախընտրած կարգավորումները սրահի ջերմաստիճանի, մուլտիմեդիական համակարգի վերաբերյալ, ինչպես նաև ֆիքսում է ամենաշատ հավաքվող հեռախոսահամարները:

 



Բացի այդ, մեքենայի տերը կարող է հեռակա կարգով դրա հետ կապված մի շարք գործողություններ անել՝ օգտվելով InControl Remote հավելվածից: