Պարուհի և պարուսույց Սյուզաննա Գրիգորյանը մայիսի 27-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում հանդես կգա բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կհատկացվի անապով ընտանիքի, իսկ համերգին ներկա կգտնվեն հատուկ հյուրեր՝ այդ թվում սաներ՝ երևանյան մանկատներից: 

Պարի միջոցով աշխարհն ավելի բարին դարձնելու, համերգային ծրագրի, այն բարեգործությանն ուղղելու պարուհու մտադրությունների մասին զրուցեցինք Սյուզաննա Գրիգորյանի հետ:

 

–Սյուզաննա՛, որտեղի՞ց և ե՞րբ է սկսվել պարարվեստի հանդեպ Ձեր մեծ սերը:

-Առաջին անգամ ներկա գտնվելով մորաքրոջս համերգին, տեսնելով այդ գեղեցիկ արվեստը, ուղղակի սիրահարվեցի պարարվեստին. ծնողներս ինձ ընդունեցին պարի դպրոց, այնուհանդերձ, ըստ հերթականության, հասա այս կետին:

-Պարի միջոցով հնարավո՞ր է օտարներին ասել, թե ով է հայը:

-Այո՛, որովհետև պարն ունի անխոս լեզու, որը ճիշտ է ոչ բոլորին է հասանելի, բայց կարելի է ցուցադրել անգամ հայոց պատմությունը, հայի բնավորությունը, ուժը, կամքը, նրա բարքերն ու ավանդույթները:

-Որպես խմբի ղեկավար և պարուսույց՝ որքանո՞վ եք կարևորում մատաղ սերնդի ոչ միայն ֆիզիկական, այլև` հոգևոր զարգացումը:

-Հոգևոր դաստիարակության զարգացմամբ պետք է զբաղվել ամենափոքրիկ տարիքից: Երբ առաջին օրը երեխաներս եկան դասի, ես նրանց հետ բավականին երկար զրույց ունեցա, առաջին խոսքս եղել է այն, որ ինձ իմ խմբում լավ մարդիկ են պետք, և ես կարողացա խումբս դարձնել այնպես որ նրանք դարձան մի ընտանիք:

-Ի՞նչ ծրագրեր ունի խումբը ապագայում:

-Խումբը լեցուն է նոր ծրագրերով առաջնային մեր երրորդ և չորրորդ մասնաճյուղերի բացումն է: Ամենագլխավոր ծրագիրն առաջիկայում է. լինելու է քաստինգ, որի միջոցով ընտրվելու են այն 10 երեխաները, ովքեր ունեն տաղանդ սիրում են պարել, բայց ունեն ֆինանսական որոշակի խնդիրներ, նրանք մեզ մոտ սովորելու են անվճար՝ ետ չմնալով իրենց հասակակիցներից:

-Ի՞նչ ոճի պարեր եք ուսուցանում երեխաներին, ընդհանրապես, պարարվեստում ի՞նչ ոճ եք նախընտրում:

-Պարարվեստում իմ նախասիրությունները տարբեր են բայց մնայուն արժեքները չեն փոխվում՝ ուսուցանում եմ դասական պար, հայակական ժողովրդական պար, այլ ազգի պարեր և ճամանակակից պարեր:

-Ձեր ամենօրյա աշխատանքում սովորաբար ի՞նչ խնդիրների եք հանդիպում:

-Գիտե՛,ք խնդիրները շատ շատ են լինում, բայց երբ աշխատանքին մոտենում ենք սիրով, խնդիրներն ուղղակի անէանում են:

-Տեղյակ ենք, որ առաջիկայում պատրաստվում եք հանդես գալ բարեգործական համերգով:

 

-Իհարկե՛, բարեգործության մասին ամենուր չեն բարձրաձայնում: Այո՛, մենք ունենք մեծ համերգ մեր մեկ ամյա տարեդարձին նվիրված, և քանի որ տարեդարձ է մենք ունենալու ենք հյուրեր, իսկ մեզ հյուր են գալու մանկատան բալիկներ, իսկ համերգի հասույթը կփոխանցվի մի ընտանիքի, ով ունի մի հրաշք բալիկ, ում պետք է մեր բոլորի օգնությունը, հուսանք, կկարողանանք օգնել այդ ընտանքին: 

-ԵՎ վերջում, մեր բլից հարցերը: Ո՞րն է Ձեր կարգախոսը:

-Չկորցնել երազանքին տանող ուղին, անկախ դժվարություններից:

-Ինչի՞ց եք վախենում:

-Ծնողներս ինձ անվախ են մեծացրել:

-Եթե հնարավորություն լիներ դիմել Աստծուն ի՞նչ կխնդրեիք:

-Առողջություն ինձ ուժ տվող մարդկանց: