Մի քանի շաբաթ առաջ հանդիպեցի Փարիզում բնակվող մեր հայրենակցին' Ժան Պոլ Լուբլինեին: Համաշխարհային ճանաչում և փառք վայելող լուսանկարիչ, ճարտարապետ, ով նաև աշխարհի առաջին «բիո» տան տերն է:
Առաջին հանդիպումը Ժան Պոլի հետ տեղի ունեցավ Փարիզ այցելությանս առաջին օրը, երբ «Ատիճան դեպի երկինք» անունը կրող տանը Լուբլինեն փոքր հավաքույթ էր կազմակերպել մտերիմ ընկերների համար: Երկրորդ հանդիպումը, որն ավելի շատ աշխատանքային բնույթ էր կրում, տեղի ունեցավ փարիզյան բավականին աղմկոտ մի սրճարանում, որտեղ բազմազան ձայների միջից փորձում էի տարբերակել Ժան Պոլի կոշտ ձայնը:
- Ժան Փոլ, նախ և առաջ' կուզենայի շնորհակալություն հայտնել, որ ժամանակ տրամադրեցիք հարցազրույցի համար: Կուզենայի ինձ հուզող առաջին հարցը ուղղել' երբևէ եղե՞լ եք Հայաստանում և, ընդհանրապես, ի՞նչ տեղեկություններ ունեք Հայաստանից:
- Շնորհակալություն նաև ձեզ առաջարկի համար: Հայաստանի մասին տեղեկություններ այնքան էլ չունեմ և երբևէ չեմ եղել այնտեղ: Մորս ընտանիքը Փարիզ է եկել Իրաքից, որտեղ դարեր շարունակ իմ հայ պապերն աշխատել են Իրաքի արքայի մոտ' որպես իրավաբաններ: Իմ հայկական ազգանունը' Սեթյան, բավականին հայտնի է Բաղդադում:
- Ի՞նչ հիշողություններ ունեք հայկական արմատներից:
- Սեթյանների տոհմը բավականին ազդեցիկ դիրք է զբաղեցրել Բաղդադում. պապիս պապը վարդագույն մարմարից պալատ է կառուցել և մի դաշույն է ունեցել, որով իրեն դուր չեկածներին գլխատել է (ի միջի այլոց, այդ դաշույնը մինչև հիմա մեր տանն է): Իսկ պապս Ռոկֆելերների հետ միաժամանակ երկաթգծեր և գնացքներ է գնել. ուղղակի Ռոկֆելերները երկաթյա գնացքներ են գնել, իսկ իմ պապը' փայտյա, ինչի պատճառով սնանկացել է, խելագարվել և ինքնասպան եղել:
- Բավականին դաժան, բայց և հետաքրքիր պատմություններ են: Ի՞նչը նպաստեց Ձեր հաջողությանը:
- Կարծում եմ' նախնիներիս անցյալը: Մանկությունս ավելի շատ նման էր հազար ու մի գիշերին' լի բազմազան պատմություններով և խրատական դասերով: Ինչպես և պապիս պապը' ես նույնպես որոշեցի կառուցել վարդագույն մարմարից պալատ, սակայն այս պարագայում ավելի ժամանակակից համակարգով:
- Ինչպե՞ս ծնվեց այդպիսի արտառոց և ինքնատիպ բիո տուն ստեղծելու գաղափարը: Ոգեշնչման աղբյուր ունեցե՞լ եք:
- Օգտվել եմ մի քանի ուղղություններից. բավականին ոգեշնչվեցի սյուրռեալիստների աշխատանքներից: Առանձնապես Ռեյ Բրեդ Կոկի աշխատանքներից, ում իմ հոգևոր ուսուցիչն եմ համարում: Ճարտարապետության մեջ շատ կարևոր են գծերը, բավականին փոքր տարածքը կարող ես շատ մեծ ներկայացնել: Ոգեշնչվել եմ նաև Pգp-art-ով. դա մի ճարտարապետություն է, որն ավարտելուց հետո անհրաժեշտ է «լցնել» և «զարդարել»
- Համեմատելով այդ տունը երաժշտության հետ' ո՞ր երգի կամ ո՞ր խմբի գաղափարախոսությանն է այն մոտ: Ընդհանրապես, ո՞ր կատարման հետ կհամեմատեիք:
- Կա մի երգ' Լեդ Զեփլինի «Ատիճան դեպի երկինքը», հենց դրանից եմ վերցրել այդպիսի կառույց ստեղծելու գաղափարը: Ի միջի այլոց, հենց տան անունն էլ «Աստիճան դեպի երկինք» եմ դրել:
- Գիտեմ, որ վերջին ժամանակները տունը վարձով եք տալիս' որպես բավականին թանկարժեք առանձնատուն VIP հյուրերի համար: Ամսական որքա՞ն մարդ է մնում այս տանը:
- Ոչ շատ: Հյուրերի ընտրությունը բավականին սելեկտիվ է, այլ կերպ ասած' միայն ֆինանսական հաստատուն դրությունը բավարար չէ:
- Կարո՞ղ եք նշել որոշ անուններ, որոնք հայտնի են հասարակության լայն շերտերին' թեկուզ քաղաքական գործիչներ, աստղեր, անձինք, ում բախտ է վիճակվել գիշերել այսպիսի բիո կառույցում:
- Ոմանց անունները կարող եմ բարձրաձայնել' Համաշխարհային արժույթի շուկայի նախկին տնօրեն Դոմենիկ Ստրոցկանը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, երգչուհի Մադոննան...
- Որքա՞ն է այսպիսի տան մեկ գիշերվա արժեքը և այն կախվա՞ծ է վարձակալողից: Այլ կերպ ասած' յուրաքանչյուր ոք ունի՞ վարձակալման իր գինը, թե այն ընդհանուր է բոլորի համար:
- Ընդհանուր առմամբ, մեկ երեկոյի արժեքը երեք հազար եվրո է, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին' հինգ հազար, իսկ ամբողջական շաբաթը տասը հազար եվրո արժի:
- Դե ինչ, ավարտենք այս հաճելի զրույցը, «Ե՞ս YES» ամսագրի անունից կուզենայի կրկին շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար:
- Շնորհակալություն նաև Ձեզ, ամենայն հաջողություն ձեր ամսագրին: Հուսով եմ' կրկին հնարավորություն կունենամ հադիպել ձեր ամսագրի հետ: