Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերից մեկում հրապարակել է Օհանյանների ընտանիքի չորս սերունդներին պատկերող լուսանկար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լուսանկարում Ալեքսիսի հայրն է ու պապը, ով գրկել է նրա դստերը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանին:
«Օհանյանների 4 սերունդները: 96 տարեկանից մինչև 4 ամսական: Ծնունդդ շնորհավոր, պապիկ»,- գրել է Ալեքսիսը՝ չմոռանալով տեղադրել նաև Հայաստանի դրոշը:
Ալեքսիս Օհանյանի պապը՝ Ջոն Օհանյանը ծնվել է ԱՄՆ-ում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի ընտանիքում: Նա հայտնի իրավաբան է: Օհանյանը որպես կամավոր մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Ծառայելով 33 ամիս' վերադարձել է քաղաքացիական կյանք, շարունակել ուսումն ու դարձել իրավաբան:
Ավելի վաղ Ալեքսիսը խոստացել է, որ իր աղջիկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը մի օր կայցելի Հայաստան: