«Մերօրյա Մոխրոտիկ» Մեգան Մարքլը վերջերս Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հետ պաշտոնապես նշանադրվելուց հետո իգական սեռի չամուսնացած ներկայացուցիչներին խորհուրդ տվեց չհուսահատվել. «Դուք դեռ կարող եք հանդիպել Ձեր արքայազնին»,- ասաց նա:

Իսկապես. այն, որ ցանկալի փեսացուների ցանկը 1-ով նվազեց, դեռևս չի նշանակում, որ պետք է հուսահատվել:

Elle ամսագիրը ներկայացրել է 5 արքայազների, ում սիրտը դեռ ազատ է: Եվ այսպես.

1. Հորդանանի արաքայազն Հուսեյն` Աբդուլլահ թագավորի ժառանգը

 Այս շատ հարուստ, բայց նաև բավականին հասարակ երիտասարդն ակտիվ կյանք է վարում սոցիալական ցանցերում: Օրինակ` Instagram-ում նա ունի ավելի քան 1.1 միլիոն հետևորդ: Նա սիրում է քաղաքականությունն ու ֆուտբոլը:

2. Դուբայի արքայազն Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ, կամ պարզապես Ֆացցա

Դուբայի այս թագաժառանգը ձիավարության մեծ սիրահար է: Նա նաև սիրում է ջրասուզությամբ զբաղվել, հեծանիվ քշել, և, իհարկե, բանաստեղծություններ է գրում: Իդեալական է, այնպես չէ՞: Չմոռանանք նշել, որ 35-ամյա արքայազնն Instagram-ում ավելի քան 5.9 միլիոն հետևորդ ունի:

3. Լյուքսեմբուրգի արքայազն Սեբաստիեն

25-ամյա այս երիտասարդը հավանաբար թագավոր չի դառնա. նա թագավորական ընտանիքի 5 զավակներից ամենաերիտասարդն է, և հերթը դժվար թե նրան հասնի: Լեռնադահուկային սպորտ, լող, ռեգբի` ահա նրա հոբբիները: Սեբաստիենը նաև շատ է սիրում ճանապարհորդել և բացահայտել նոր մշակույթներ:

4. Արքայազն Ժան Քրիստոֆ Նապոլեոն Բոնապարտ

Այո-այո, նա պատմությանը հայտնի Նապոլեոն Բոնապարտի հետնորդներից է:Դասագրքերում գրում են, որ ֆրանսիական միապետությունը վերացվեց 18-րդ դարի վերջին, սակայն շատերը Ժանին ընդունում են որպես կայսերական տան ներկայացուցչի: Ի տարբերություն վերը թվարկված մյուս արքայազների, Ժանն ակտիվ չէ սոցցանցերում: Նա միայն LinkedIn- ի էջ ունի:

5. Բելգիայի արքայազն Յոաքիմ

Այս երիտասարդը ևս չի նստի գահին. նրա զարմուհին` արքայադուստր Էլիզաբեթը, Բելգիայի Ֆիլիպ թագավորի ավագ դուստրն է և նրա իրավահաջորդը: Յոաքիմն էլ որոշել է կյանքը նվիրել ծովին և համալրել է բելգիական նավատորմի շարքերը: