Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Լույսի տաճար» ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմը պատմում է Կիպրոսի հայտնի Մելքոնյան կրթական հաստատության մասին, որը, լինելով լավագույն կրթական հաստատություններից մեկը, արդեն տևական ժամանակ է, ինչ չի գործում: Կիպրոսի Նիկոսիա քաղաքում տեղակայված Մելքոնյան կրթական հաստատությունը, որը 80 տարվա ընթացքում կրթություն և խնամք է տվել կարիքավոր հայ երիտասարդներին, փակվել է առանց հետագայում վերաբացվելու որևէ հեռանկարի:

Նախկին ուսանողների տվյալների, արխիվային նյութերի և բանաստեղծական պատկերների միջոցով այս վավերագրական ֆիլմը առաջ է քաշում սփյուռքում հայկական կրթօջախների հիմնախնդիրները: Հաստատությունը հիմնադրվել է բարերար Մելքոնյան եղբայրների կողմից՝ նպատակ ունենալով հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայերին օգնել մտնել կյանքի նոր փուլ: Սակայն մեկ դար անց առաջացած որոշ խնդիրներն իրենց հետևանքն են թողել Մելքոնյան կրթական հաստատության պատմության մեջ՝ սառեցնելով նրա գործունեությունը:

«Լույսի տաճար» ֆիլմը, ըստ էության, շեշտադրում է շատ ուշագրավ և մեր օրերի համար խիստ կարևոր հարցադրում՝ հայկական կրթօջախների խնդիրը սփյուռքում, որոնք, ցավոք, հետզհետե պակասում են: Վենետիկի «Ոսկե առյուծ 2015» բիենալեի հաղթող Նիկոլ Բեզջյանը ծնվել է Հալեպում, սակայն ապրել և ստեղծագործել է տարբեր երկրներում:

Նիկոլ Բեզջյանը բազմաթիվ ֆիլմերի հեղինակ և միջազգային անվանի կինոփառատոների մրցանակակիր է:

Գործադիր պրոդյուսեր` Արմեն Ուրնեշլյան

Ռեժիսոր` Նիկոլ Բեզջյան

Գրող` Նիկոլ Բեզջյան

Պրոդյուսեր` Նիկոլ Բեզջյան

Կինեմատոգրաֆիա` Էլի Պարթամյան

Խմբագրում` Շանտալ Պարտամյան

Հնչյունային ձևավորում՝ Վիկտոր Բրեսս

Ձայն՝ Ալին Նագգաշյան

Երաժշտության ձայնագրություն՝ Ջո Բարուջյան, Սեդո Բաղդասարյան

Դաշնամուրային իմպրովիզացիա` Ջո Բարուջյան Մուտքն ազատ է: