Սոնա Շահգելդյանն իր «Հարսի շոր» երգի հիման վրա նկարահանում է տեսահոլովակ: Աշխատանքները սկսվել են այսօր և ինչպես նշում է երգչուհին, տևելու են ընդամենը մեկ օր: Հիմքում հայկական, ավանդական հարսանեկան արարողություն է, որտեղ ներկայացված են մեր ավանդույթներն ու ծեսերը:

Ինչպես ասում է Սոնա Շահգելդյանը, իրենք հաշվի են առել յուրաքանչյուր դետալ՝ այդ թվում զգեստները: ArmStar.am-ի հետ զրույցում Սոնան ասաց, որ այսպիսի երգ ու տեսահոլովակ նկարահանելու նպատակ ունեցել է դեռևս մեկ-երկու տարի առաջ. «Մի քիչ ձգձվեց, բայց ոչինչ, հուսամ լավ կստացվի: Հիմա շատ բաներ են փոխվել, տեսահոլովակը ժամանակակից հարսանքների մասին չէ, այլ մեր հին, իսկական հարսանիքների: Շատ ուրախ եմ, որ ես այդ ամենը կարող եմ պահպանել իմ տեսահոլովակի միջոցով, կարող եմ շատ մարդկանց կրթել, որ հետևեն հին ադաթներին»:

Տեսահոլովակի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է, ում հետ Սոնան արդեն 2-րդ անգամ է համագործակցում: Սոնան համագործակցում է նաև ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հետ. ''Նա մեծ լումա ունի այս աշխատանքում, անչափ շնորհակալ եմ իրեն»,-ասաց Շահգելդյանը: Տեսահոլովակը համեմվելու է նաև պարային ելույթներով'':

Երգչուհին տեսահոլովակում հարսնացուի դերում չի լինելու: Նա ներկայանալու է տարբեր կերպարներով և այսպես ասած «պատմելու է երգը»: Մեր հարցին, թե երբ վերջապես իրականում Սոնային կտեսնենք որպես հարսնացու, երգչուհին պատասխանեց. «Հիմա ես ավելի շատ զբաղված եմ իմ կարիերայով, ուզում եմ այս տարի շատ գործեր անել »:

Երգչուհու «Հարսի շոր»-ը պատրաստ կլինի մոտ 10-15 օրից, այնուհետև այն կհայտնվի եթերում: