Չիզքեյքն ամենից համեղ ու հայտնի աղանդերներից է: Չիզքեյքի հայրենիքը Հին Հունաստանն է: Հիմա այս աղանդերը շատ արդիական է եվրոպական եւ ամերիկյան խոհանոցներում: Գոյություն ունեն չիզքեյք պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր: NEWS.am STYLE-ը ձեզ առաջարկում է պարզ եւ յուրահատուկ բաղադրատոմս. չիզքեյք՝ խտացրած կաթով:

Բաղադրությունը.

450 գր թթվասեր (20 եւ ավելի %-անոց յուղայնությամբ),

300 գր թխվածքաբլիթ (կարելի է վարսակի),

100 գր հալված սերուցքային կարագ,

300 գր որակյալ խտացրած կաթ,

10 գր արագ լուծվող ժելատին,

3/4 բաժակ եռացրած սառը ջուր:

Պատրաստման եղանակը.

1) Ձեւամանը (ավելի լավ է՝ սիլիկոնե) պատել մոմաթղթով:

2) Թխվածքաբլիթը մանր փշրել եւ խառնել հալված կարագին: Զանգվածը յուղոտ չպետք է լինի, բայց եւ՝ ոչ շատ չոր: Զանգվածը լցնել ձեւամանը եւ խնամքով սեղմել: Կես ժամ պահել սառնարանում:

3) Թթվասերը խառնել խտացրած կաթին (կարելի է ավելացնել շատ կամ քիչ խտացրած կաթ, ըստ ճաշակի):

4) Ժելատինը լցնել 3/4 բաժակ ջրի մեջ եւ 10 րոպե թողնել՝ փքվելու: Այնուհետեւ ջրային վաննայում հալեցնել այնքան, մինչեւ ամբողջությամբ լուծվի:

5) Ժելատինը դանդաղորեն լցնել թթվասերով եւ խտացրած կաթով պատրաստված զանգվածի մեջ՝ միաժամանակ լավ խառնելով: Այնուհետեւ լցրել ձեւամանը: Եվ կրկին դնել սառնարանը՝ մինչեւ ամբողջությամբ սառչի (շուրջ 2-3 ժամ):

Սառչելուց հետո հարկավոր է ավելացնել թարմ հատապտուղներ. այն աղանդերին նրբություն եւ թթվաշություն կտա: Կարելի է նաեւ չիզքեյքը պատել քերիչով անցկացրած շոկոլադով կամ ընկույզով:

Մեր չիզքեյքը պատրաստ է:

Բարի ախորժակ…