Յանա Դանիելյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Հաղորդավարուհին երեկ նշում էր ծննդյան 29-ամյակը, իսկ այսօր խոսել է տարիքային առանձնահատկության ու ընտանիքի մասին:

Մեծանալը ոչ վախեցնում է, ոչ՝ տխրեցնում

Ամեն տարի էլ ավելի եմ սիրում այն տարիքը, որը ստանում եմ: Տարեց տարի փոխվում է մեր ապրելակերպը, մտածելակերպը, աշխարհայացքն, ու ինձ այդ ամենը դուր է գալիս: Ես չեմ ափսոսում, որ այլեւս 20 տարեկան չեմ, ինձ հաճելի է, թե ինչպես եմ նկատում կյանքի շարժն ու նոր հետաքրքրությունները: Ի դեպ՝ ինձ նաեւ շատ հետաքրքիր է, թե օրինակ 30-ում կամ 35-ում ինչպիսինն եմ լինելու: Առհասարակ, կյանքն ինձ համար գնալով հետաքրքրանում է, քանի որ այն, ինչ ապրում եմ հիմա եւ ապրելու եմ հետագայում, ավելի երիտասարդ տարիքում չէի կարող ապրել:

Տարիներն իմաստացնում են ինձ

Ես հպարտանում եմ, երբ նկատում եմ իմ հասունացումը: Չգիտեմ՝ ինչքանով է դա լավ, կամ վատ, բայց տարիների ընթացքում բնավորությամբ ավելի ծանրացել եմ: Օրինակ, ինչ-ինչ հարցերի շուրջ կարող էի առաջ այլ պատասխաններ ունենալ, հիմա՝ բոլորովին այլ: Մարդու մեջ տարիների ընթացքում շատ-շատ  բան է փոխվում, միայն թե պետք է կարողանում ես գտնել ճիշտ ուղին եւ ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ: Տարիները փոխում են նաեւ դիմագծերդ, ինչու ոչ՝ մարմինդ, բայց այդ հարցերի շուրջ ես փորձում եմ ընդհանրապես չմտածել, քանի որ վստահ եմ՝ արտաքին տեսքն ու առողջությունը կախված է հոգեվիճակից ու ապրելակերպից:

Թույլ տվածս սխալներով հպարտանում եմ

Մարդն իդեալական չէ, ամեն մեկն իր չափով թերություններ ունի, որոնք նորմալ են: Առհասարակ ես փորձում եմ կյանքս պլանավորել, ցանկացած քայլ անելիս՝ երկար մտածում ու ծանրութեթեւ եմ անում, ինչը թույլ է տալիս ավելի քիչ սխալներ գործել: Այնուամենայնիվ, կյանքի տարբեր փուլերում հնարավոր են որոշ սխալներ, որոնք մեծ հպարտությամբ եմ ընդունում: Յուրաքանչյուր սխալ եւս մեկ դաս կարող է լինել: Վստահ կարող եմ ասել, որ իմ կատարած սխալներից շատ բան եմ սովորում ու ավելի իմաստանում, այնպես որ, դրանք ցավագին ընդունելը լուծում չէ:

Նպատակները շատ են, ես գնում եմ դրանց ընդառաջ

Շատ նպատակներ ունեմ, դրանք միշտ եղել են, ժամանակի ընթացքում էլ՝ որոշները կատարվել: Նպատակները եւս տարիների ընթացքում որակական փոփոխություններ են կրում, դրանք ավելանում են, նոր բնույթ ստանում, բայց կարեւորն այն է, որ կարողանաս դրանց ընդառաջ գնալու արվեստին տիրապետել:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։