Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում կայացավ թատերական երկու լեգենդի` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի եւ նրա լուսահոգի տիկնոջ` ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո:

Երկու լեգենդների ծնդյան օրերը միասին նշելու գաղափարը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր: «Այսօր մենք եկել ենք շնորհավորելու եւ մեր խոնարհումը հայտնելու: Ես վստահ եմ, որ Գալյա Նովենցի լուսավոր հոգին նույնպես ներկա է այստեղ: Նրա ստեղծած կերպարները թե թատրոնում, եւ թե կինոյում կարողացան լինել այնպիսի վառ եւ պայծառ, որ կապում են մեր իրականությունն անցյալի հետ եւ մեր ապագան կարողանում են կամրջել մեր անցյալի եւ հիշողությունների հետ»,-ներկաներին ողջունելով՝ ասաց Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով` Գալյա Նովենցը կարողացավ ստեղծել իրական հայ մայրիկի, հայ կնոջ կերպարը, որը չափազանց լուսավոր էր եւ նման էր յուրաքանչյուր հայի մոր կերպարին: